Հայկ Ղազարյան
«40 հա գարի էի ցանել, մի 50 հա էլ ցորեն, բայց այս տարի որոշեցի այլևս աշնանացան չանել», - ասում է Արտակ Ներսեսյանը։
Հադրութցի ֆերմեր Արտակ Ներսեսյանը տեղահանությունից հետո որոշել է Հայաստանում շարունակել հացահատիկի մշակությունը։ Նախքան 44-օրյա պատերազմը նա ցորեն ու գարի էր մշակում Ֆիզուլիի շրջանում։ Այժմ Հայաստանում հող է վարձակալում Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։
Արտակն ասում է, որ համայնքից հող է փորձել վարձակալել, և իրեն առաջարկել են հա-ի համար 60-80,000 դրամ։ Արդյունքում կարողացել է մասնավոր անձից 50,000-ով հող վարձակալել։ Չնայած դրան, նա առաջնային խնդիրը վարձակալության գինն է համարում, իսկ երկրորդը՝ ոռոգման ջրի գինը։
«Ոռոգելը հա-ի համար 25,000 դրամ է արժենում, երեք անգամ ջրում ես՝ 75,000 դրամ է նստում։ Վարձակալության հետ արդեն 125,000 դրամ եղավ։ Բա մնացա՞ծ ծախսերը՝ սերմերի, վառելիքի և պարարտանյութի․․․»,- ասում է նա։
Պետությունից հողի վարձակալությունն Արցախում նրա համար արժենում էր հա-ի համար 6,900 դրամ։ Նա նշում է, որ Արցախի ցանքատարածությունների մեծ մասը անջրդի էր, բայց այդ պայմաններում ֆերմերները կարողանում էին բերք ստանալ։ Արտակը դա պայմանավորում է եղանակային պայմաններով ու հողի բերրիությամբ։
«Արցախում անջրդի եղանակով ստանում էի 3-4 տոննա մեկ հա-ից, որտեղ իմ ծախսը քիչ էր, հետևաբար՝ ավելի եկամտաբեր էր, քան եթե ես Հայաստանում ստանամ 5-7 տոննա հա-ից, որտեղ ծախսերս են մեծ։ Դրա համար Արցախում հացահատիկի մշակությունը շահավետ էր»,- ասում է նա։
Ֆերմերի կարծիքով՝ պետական աջակցությունը կարող է նպաստել հացահատիկի արտադրությանն այն դեպքում, երբ հողը քոնն է և չես վարձակալում։
«Եթե տեղի բնակիչ ես ու հողը քոնն է, տարբեր տեսակ սուբսիդիաները շատ էլ օգտակար են»,- ասում է նա։
Արտակի հաշվարկները զուտ մեկ ֆերմերի պատմություն չէ, այն վկայում է, թե ինչպես է 2020-ի պատերազմը ազդել Հայաստանի պարենային անվտանգության վրա։
Արցախյան հացահատիկը` թվերով
2020-ի պատերազմից առաջ Արցախից ներկրվող ցորենը համարժեք էր Հայաստան մտնող ցորենի 10-12 տոկոսին։ 2020-ին նախորդած տարիներին Արցախից Հայաստան տարեկան ներկրվում էր մոտ 38-50,000 տոննա հացահատիկ։ Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ին Հայաստան է ներմուծվել 49,000 տոննա հացահատիկ, 2019-ի երաշտ տարում՝ 38,000 տոննա։
Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանի գնահատմամբ՝ այդ ծավալներից մոտ 30,000 տոննան ցորեն էր։ Իսկապես, Արցախի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ին Հայաստան է ներմուծվել 33,000 տոննա ցորեն, սակայն կայքում ցորենի վերաբերյալ ավելի թարմ տվյալներ հասանելի չեն։
Արտերկրից և Արցախից ներմուծվող ցորենի հարաբերակցությունը:
Արցախի գյուղնախարարի նախկին տեղակալ Վիլեն Ավետիսյանը նշում է, որ բերքաշատ Քաշաթաղի շրջանից որոշակի քանակությամբ հացահատիկ դուրս էր բերվում Սյունիք երկրորդական ճանապարհներով, որի հաշվառման դեպքում ավելի մեծ թիվ կստանայինք։
Ավելի ճշգրիտ տվյալներ տարիների կտրվածքով ստանալ չհաջողվեց նաև Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։ ՊԵԿ-ից պատասխանեցին, որ իրենց էլեկտրոնային շտեմարաններում չկան տվյալներ Արցախից ներմուծված ապրանքների վերաբերյալ։
2021-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով նպատակ դրվեց, ըստ այդ նախագծի հիմնավորմամբ, լրացնել Արցախից ներկրվող 40,000 տոննա հացահատիկի ու հատիկաընդեղենի բացը։ Ծրագրի բյուջեն 2021-ին կազմեց 703,6 մլն դրամ։
Այս ծավալները կազմում էին Հայաստանի հացահատիկի արտադրության 16-27 տոկոսը։ Ըստ Վիճակագրական ծառայության կոմիտեի՝ Հայաստան տարեկան ներմուծվում էր մոտ 252-330,000 տոննա մաքուր ցորեն։ Հայաստանում տարեկան սպառվում էր մոտ 365-517,000 տոննա մաքուր ցորեն, որից Արցախից ներկրվող 30-33,000 տոննան կազմում էր դրա 6-9 տոկոսը։
Հայաստանի և Արցախի ցանքատարածությունների և բերքատվության համեմատությունը
Արցախում և Հայաստանում հացահատիկի մշակության կառուցվածքը՝ ըստ ցանքատարածքների, էապես տարբեր էին։ Վերջին տարիներին Արցախում հացահատիկը և հատիկաընդեղենը կազմում էր ցանքատարածությունների 84-90 տոկոսը, միայն ցորենը՝ 39-42 տոկոսը, գարին՝ 37-44 տոկոսը։ Արցախում ցորենի ու գարու ցանքատարածքները գրեթե հավասար են եղել, բայց ցորենի բերքատվությունը զգալիորեն բարձր էր. գարին կազմում էր մոտ դրա կեսը։ 2017-2019 թվականներին Հայաստանում այդ ցուցանիշները համեմատաբար ավելի համեստ էին՝ հացահատիկը և հատիկաընդեղենը կազմում էին ցանքատարածությունների 53-54, իսկ ցորենն առանձին՝ 26-28 տոկոսը։
Ցորենի բերքատվությունը տարեցտարի տատանվում էր։ Արցախում մեկ հաից ստացվել է՝ 2017-ին՝ 27,5 ցենտներ, 2018-ին՝ 22,6, 2019-ին՝ 18,5, իսկ Հայաստանում համապատասխանաբար՝ 21,8, 28,2 և 19,6 ցենտներ։ 2017-ին Արցախը առաջ էր, 2018-ին՝ Հայաստանը, իսկ 2019-ին երկուսի ցուցանիշներն էլ նվազեցին (տե՛ս՝ գրաֆիկը)։
Արցախում առավել բերքառատ էին Ամարասի և Արաքսի հովիտները, որտեղ, ըստ Արցախի գյուղնախարարի նախկին տեղակալ Վիլեն Ավետիսյանի, հնարավոր էր հաից 3,5-6 տոննա ցորեն ստանալ, իսկ եգիպտացորենի բերքատվությունը կարող էր 10 տոննայի հասնել։ Ինչպես Արտակը, այնպես էլ այլ ֆերմերներ, Արցախում ցորենը հիմնականում աճեցնում էին անջրդի պայմաններում, ինչի արդյունքում հատիկը բնական եղանակով բարձր սոսնձայնություն և սպիտակուցայնություն էր ձեռք բերում, որոնք հացաթխման կարևոր հատկանիշներ են։
44-օրյա պատերազմից հետո մեծ փոփոխություններ տեղի ունեցան Արցախի տնտեսության կառուցվածքում։ Գյուղատնտեսությունը անկում ապրեց շուրջ 60 տոկոսով։

Արցախը 2020-ի պատերազմի հետևանքով կորցրեց շուրջ 95,000 հա վարելահող, որում կատարվում էր ավելի քան 70,000 հա ցանքս, այդ թվում՝ 50,000 հա հացահատիկի ցանքս։ Ադրբեջանի վերահսկողությանն են անցել նաև շուրջ 450 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ։
2020-ին Արցախի հացահատիկի ու հատիկաընդեղենի համախառն բերքը նախորդ երկու տարիների համեմատ նվազել էր՝ 156,200 տոննայից 90,000 տոննայի (42%-ով), ցորենինը՝ 80-90,000-ից մինչև 41,000 տոննայի (48-54%-ով)։ 2020-ի այս բերքը, ըստ ամենայնի, գարնանացան էր, որը հաջողվել էր հավաքել մինչև սեպտեմբերյան պատերազմի սկիզբը։ 2021-ին՝ տարածքային կորուստներից հետո, այդ թվերը կազմեցին համապատասխանաբար 13,3 և 8,300 տոննա՝ 2018-2019 թթ. համեմատ նվազելով 90-91%-ով (տե՛ս գրաֆիկը)։ 2021-ից Արցախը հացահատիկ արտահանող երկրից վերածվեց ներմուծողի։ Իսկ շրջափակման հետևանքով 2023-ի սեպտեմբերին պետությունը ոչ մի տեսակի ալյուր արդեն չուներ։
Ինչու՞ է նվազում հացահատիկի մշակությունը Հայաստանում
Արտակը ասում է, որ իր ծախսերի պատճառով այնպիսի ինքարժեք է ձևավորվում, որ Ռուսաստանից բերված ցորենը ավելի էժան է դուրս գալիս։
«Արդյունքում տեղի շուկան չի կարողանում գլուխ բարձրացնել»,- ասում է նա։
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի խորհրդի անդամ Գագիկ Սարդարյանը բացատրում է, որ վերջին 7-8 տարիներին Հայաստանում հացահատիկի մշակությունը նվազել է ռուսական էժան հացահատիկի ներմուծման և ագրարային քաղաքականության թերացումների պատճառով։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը հացահատիկը և ալյուրը արտադրում է շատ ցածր ինքնարժեքով, որին գումարվում է ռուբլու արժեզրկումը, ինչի հետևանքով հայկական արտադրողները հայտնվում են անբարենպաստ մրցակցային պայմաններում։
Սարդարյանը կարծում է, որ ճիշտ կոոպերացիայի դեպքում՝ ԵԱՏՄ շրջանակներում, հնարավոր էր էժան հացահատիկ բերել, իսկ հայկական բարձրարժեք պտուղ-բանջարեղենը արտահանել։ «Բայց երբ տնտեսական գործիքներն սկսում են օգտագործվել քաղաքականության մեջ, էժան հացահատիկի ներկրումը դառնում է ռիսկ, և երկիրը պետք է ինքն ապահովի իր պարենային անվտանգության զգալի չափաբաժինը»,– ասում է նա։
Սարդարյանը հա-ից 2 տոննա միջին բերքը լավ ցուցանիշ չի համարում։ «Արտադրողականության աճ չի եղել այս տասնամյակների ընթացքում։ Հողերի 40-60%-ն է մշակվում, մնացածն անմշակ է։ Վարելահողերի զգալի մասը վերածվել է արոտի ու խոտհարքի»,- ասում է նա։
Մասնագետն ուշադրություն է հրավիրում փոքր հողակտորների բերքատվության բարձրացման հնարավորությունների վրա և բերում է Հնդկաստանի օրինակը, որը կարողացել է հաից մինչև 4 տոննա բերք ապահովել. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք փոքր հողակտորների համար կոոպերացիայի խելացի մեխանիզմներ չենք ներդրել։ Իսրայելում ստեղծել են «կիբուցներ», արևմտյան Եվրոպայում՝ կոոպերատիվներ, մեզ մոտ 1,5-2 հա հողօգտագործողը մնացել է մենակ»։

Սարդարյանը բերում է նաև Ավստրիայի օրինակը, որտեղ 3000-ից ավելի փոքր ֆերմերներ միավորվել են և ոչ միայն բարձր արդյունքներ են ապահովել, այլև բարձրորակ սերմ են արտադրում ու աշխարհի 30-ից ավելի երկիր արտահանում։
«Այդ տեսակ երկրների հետ պետք է համագործակցենք, բերենք սերմերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ, եղանակային պայմանների ու հիվանդությունների նկատմամբ ավելի դիմացկուն սորտեր, որպեսզի ցանքի համար որակյալ սերմը հիմնականում Հայաստանում արտադրվի», - ասում է նա։
Ցորենի ինքնաբավությունը՝ ազատ անկման մեջ
Արտակը պլանավորում է հացահատիկի փոխարեն զբաղվել ավելի քիչ խնամք պահանջող առվույտի (յոնջա) մշակությամբ։
Եվ սա նոր միտում չէ, երբ ֆերմերները հրաժարվում են հացահատիկի (ցորենի) մշակությունից։ Շուրջ վեց տարում ցորենի ցանքատարածքները կրճատվել են գրեթե կրկնակի՝ 110,000 հա-ից՝ 56-57,000 հա-ի (տե՛ս գրաֆիկը)։ Համախառն բերքը 2015-2016 թվականների 350,000 տոննայից նվազել է մինչև մինչև 100-180,000 տոննա։
Եվ սրան զուգահեռ իջնում է ցորենի ինքնաբավությունը, ինքնաբավության առումով Հայաստանը ամենաբարձր ցուցանիշն ունեցել է 2016-ին՝ 53 տոկոս։ Այնուհետև այն հետզհետե նվազել է և 2024-ին գրանցվել է վատագույն ցուցանիշը՝ 23 տոկոս։ Այսինքն՝ տեղական արտադրությունը ներքին պահանջարկի մեկ քառորդն էլ չէ բավարարում։
Ինքնաբավության հաշվարկում Վիճակագրական կոմիտեն հաշվի է առնում ոչ միայն ցորենի հատիկը, այլև ցորենամթերքերը (ալյուր, մակարոնեղեն, հաց)՝ վերածելով դրանք ցորենի համարժեքի
Ստորև բերված ցուցանիշները վկայում են, որ երկրի ցորենի ապահովությունը մեծապես կախված է ներմուծումներից։
Սարդարյանը կարծում է, որ պարենային անվտանգության տեսանկյունից, կարևոր կուլտուրան դա հացահատիկն է և յուրաքանչյուր երկիր ձեռնամուխ է լինում սեփական ռեսուրսներով իր պարենային անվտանգության հարցերը տեղում լուծել՝ կախված չլինելով որևէ երկրից։
«Հիմա ավելի լավ չէ՞, որ մենք կախված լինենք մեր գյուղացիներից, քան, ասենք, մեկ կամ երկու երկրից։ Շատ երկրներ նախընտրում են ավելի շատ գումար վճարել իրենց արտադրողին, որպեսզի տեղում արտադրվի բերքը ու գումարը մնա երկրում, քան՝ վճարել դրա համար, ասենք, Ռուսաստանի կամ Ղազախստանի ֆերմերին»,- ասում է մասնագետը։
Վերջին տարիներին ներմուծվող ցորենի մոտ 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Իսկ վերջերս Ադրբեջանի, ապա Վրաստանի տարածքով սկզբում 1000 տոննա (15 վագոն) ռուսական, այնուհետև՝ նույնքան ղազախական ցորեն է մտել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անձամբ մեկնել էր Այրում առաջին (ռուսական) խմբաքանակը դիմավորելու համար։ Նա տեղի ունեցածն անվանեց պատմական իրադարձություն և նշեց, որ այս երթուղին էական նշանակություն ունի տնտեսական և լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի համար։
Ինքնաբավությունը հնարավոր է հասցնել 75 տոկոսի
Սարդարյանը ընդունում է, որ ցորենի արտադրությունը վերջին տարիներին նվազել է և պաշտոնական տվյալները այդքան էլ արժանահավատ չի համարում։ Նրա խոսքով՝ նախկինում երբեմն թվերը ուռճացրել են՝ ցույց տալու համար, որ շատ հողեր են մտել ցանքաշրջանառության մեջ և մեծ բերք է ստացվել։
Նրա կարծիքով՝ պետք է նպատակ դնել, որ ցորենի ինքնաբավության առումով գոնե հասնենք 70 տոկոսի։ Մասնագետը ասում է, որ ԱՄՆ Գյուղատնտեսության Դեպարտամենտի ֆինանսավորմամբ (USDA) Կանզասի համալսարանի մասնագետները վերջի երկու տարում տարբեր ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում։
«Նրանց կարծիքով՝ միայն արդիական տեխնոլոգիաների, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, պարարտացման և ցանքաշրջանառության մեթոդների կիրառմամբ բերքատվությունը կարելի է կարճ ժամանակում կրկնապատկել ու հասցնել 4-5 տոննա հաից։ Եվ այս սցենարի դեպքում տեղական ցորենի արտադրությունը կարող է աճել` ինքնաբավությունը հասցնելով 75%-ի»,- ասում է նա։
Գյուղացիների հարցը
Սարդարյանը մատնանշում է նաև բերքահավաքից հետո առաջացող խնդիրները։ Բերքահավաքի ժամանակ շուկայում գործող մի քանի խոշոր գնորդներ գները ցածր են պահում։ «Քանի որ համայնքներում չկան բերքի նախնական մաքրման, սորտավորման, պահպանման կարողություններ, գյուղացիները հենց դաշտից սկսում են էժան ցորենը վաճառել։ Մեկ-երկու ամիս անց գները թանկանում են», - ասում է նա։ Մասնագետի կարծիքով՝ պահպանման կարողությունններ ունենալու դեպքում, գյուղացիները բանակցային լավ պայմաններ կունենան, կկարողանան սպասել և ավելի թանկ վաճառել բերքը։
Նա նշում է նաև, որ շատ համայնքներ կան, որտեղ հիմնականում ավանդաբար հացահատիկ են մշակել։ «Հիմա եթե էդ համայնքները բերքատվությունը չի ավելանալու, իրենք մեկ հա-ից ավելի շատ եկամուտ չեն ստանալու, պարզ է՝ իրենք պետք է էդ հողերը չմշակեն», - ասում է նա։
Սարդարյանն առաջարկում է աջակցության հարցում կենտրոնանալ Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիսի, Շիրակի, Սյունիքի՝ Սիսիանի ու Գորիսի վրա, որտեղ դեռ սովետական տարիներից հացահատիկ են մշակում։
Արցախյան փորձը
Սարդարյանը բերում է Արցախում վերջին տարիներին կիրառվող փորձը։ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը բերքահավաքը սկսելուց առաջ բարձր գին էր սահմանում։
«Եթե, օրինակ, Հիմնադրամն բերքահավաքի սկզբին հայտարարում էր, որ 100 դրամով է մթերում, Հայաստանից գնացող գնորդները էլ ստիպված էին 100 դրամով մթերել։ Հիմնադրամը որոշ քանակություն պահեստավորում էր, հետո, երբ Հայաստանում գները բարձրանում էին, սկսում էր բարձր գնով վաճառել։ Ավել գումարը մնում էր Արցախում, չէր գնում գերշահույթ որպես մեկ-երկու գնորդների մոտ»,- ասում է Սարդարյանը։
Civilnet











