Գլխավոր Լրահոս

Փերինչեքի կայքի անանուն պնդումները՝ «լուր» հայկական մեդիայում. ինչ կապ կա Ռուսաստանի հետ

Փերինչեքի կայքի անանուն պնդումները՝ «լուր» հայկական մեդիայում. ինչ կապ կա Ռուսաստանի հետ

Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբերի 21-ին «Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ կաթողիկոսը» վերտառությամբ հոդված են հրապարակել։ Դրանում, հղում անելով թուրքական Aydınlık և Sözcü կայքերին, լրատվամիջոցները գրել են, թե Թուրքիան վերջնականապես փորձում է հսկողություն հաստատել Հայաստանի վրա, այդ թվում՝ նշանակել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Մասնավորապես, 24news.am-ը գրել է. «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։ 

Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ ըստ թուրքական կայքերի՝ նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ առաքելական եկեղեցու՝ Պոլսի հայոց պատրիարք Սահակ Բ-ի թեկնածությունը, և որ նա «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»։

Հոդվածը վերահրապարակել են news.am, 168.am, asekose.am, panorama.am, past.am կայքերը և այլն։ 24news.am-ին հղում անելով, տեղեկությունը տարածել է նաև «Հայ ազգային կոնգրեսի» ֆեյսբուքյան էջը։ 

Sözcü-ն արտատպել է Aydınlık-ի հոդվածը

Հայաստանյան լրատվամիջոցները գրել են, թե Sözcü կայքը սեփական տեղեկատվությունն է հրապարակել այս թեմայով։

«Թեկնածուների հարցում Sözcü-ն ևս հղում է անում սեփական աղբյուրներին»,- գրել է news.am-ը` հղում անելով past.am-ին։ 

Մինչդեռ, Sözcü-ի հրապարակումը չի հիմնվում նոր կամ անկախ տեղեկատվության վրա և ըստ բովանդակության վերահրապարակում է Aydınlık-ի կողմից ավելի վաղ ներկայացված նույն պնդումները՝ հղում անելով այդ կայքին։ Սահակ Բ-ի անունը ևս առաջին անգամ հիշատակվում է հենց Aydınlık-ի նյութում, իսկ Sözcü-ն չի ներկայացնում որևէ լրացուցիչ փաստ, աղբյուր կամ վերլուծություն, որը կվկայեր ինքնուրույն տեղեկատվության առկայության մասին։

Փաստացի, հրապարակված ամբողջ տեղեկության սկզբնաղբյուրը Aydınlık-ն է։

Մինչդեռ, ընդդիմադիր լրատվամիջոց համարվող Sözcü-ն ամբողջությամբ վերահրապարակել է Aydınlık-ի հոդվածը և որևէ նոր վերլուծություն և կամ տեղեկություն չի հրապարակել այդ հոդվածում։ Հենց Aydınlık-ի նյութում նշվում է Սահակ Բ-ի անունը։ 

Aydınlık-ի հրապարակման հիմքերը․ ինչ է հայտնի կայքի մասին

Aydınlık-ում հրապարակված հոդվածը ամբողջությամբ հիմնված է անանուն աղբյուրների վրա։ Նյութում օգտագործվում են «մեր աղբյուրներով», ինչպես նաև «Քյուլիյեի աղբյուրներ» (Külliye çevreleri) ձևակերպումները։ Վերջինս թուրքական մամուլում սովորաբար օգտագործվում է նախագահի աշխատակազմին կամ նախագահական համալիրին մոտ ենթադրվող անանուն շրջանակներ նկարագրելու համար:

Aydınlık-ը թուրքական լրատվամիջոց է, որը հայտնի է իր սկանդալային և հաճախ սենսացիոն հրապարակումներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների թեմաներով։ Լրատվամիջոցի նյութերի մեծ մասը կառուցվում է անանուն և ստուգման համար անհնարին աղբյուրների վրա՝ օգտագործելով «իրավիճակին ծանոթ աղբյուրներ», «իշխանությանը մոտ շրջանակներ» և նմանատիպ ձևակերպումներ։

Aydınlık-ը Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության (Vatan partisi) լրատվամիջոցն է։ Կուսակցության նախագահը ծայրահեղ ազգայնական դիրքորոշումներով հայտնի գործիչ Դողու Փերինչեքն է։ Նա հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ։ Նա Շվեյցարիայում 2005-ին դատապարտվել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի՝ այնտեղ կազմակերպված գիտաժողովի ընթացքում Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, հետագայում գտել էր, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի արտահայտման ազատության իրավունքը՝ նշելով, որ նրա հայտարարությունները չեն պարունակել բռնության կամ ատելության կոչ։

Բացի այս, Փերինչեք հայտնի է իր ռուսամետ հայացքներով. «Հայրենիք» կուսակցությունը բացահայտ պահանջում է Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից և ճանաչել Աբխազիան ու Ղրիմը որպես անկախ պետություններ կամ Ռուսաստանի մաս։

Վերջին տարիներին, ինչպես փաստագրել են, միջազգային լրատվամիջոցներն ու փաստեր ստուգող կազմակերպությունները, Aydınlık-ն օգտագործվել է կրեմլամետ և հակաուկրաինական պատմույթներ տարածելու համար։ 

Օրինակ՝ 2022-ի մարտին, երբ միջազգային հանրությունը արձանագրում էր Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, Aydınlık-ը հրապարակեց հոդված՝ պնդվելով, թե տեղի ունեցածը «բեմադրություն» է և չի կարող համարվել ռուս զինվորականների կողմից իրականացված հանցագործություն։ Նյութը հիմնված էր բացառապես անանուն աղբյուրների վրա և որևէ անկախ ապացույց կամ միջազգային հետաքննության տվյալ չէր ներկայացնում։ Հոդվածը հետագայում լայնորեն տարածվեց ռուսական պետական լրատվամիջոցներում՝ օգտագործվելով որպես «արտասահմանյան աղբյուր»՝ հերքելու Բուչայի իրադարձությունների վերաբերյալ միջազգային հետաքննությունների և լուսանկարային ապացույցների արդյունքները։

Միջազգային հետազոտությունները պարզել են, որ Aydınlık-ը ռուսական պետական քարոզչության մեջ օգտագործվում է որպես «արտասահմանյան անկախ աղբյուր»՝ ապատեղեկատվությունը լեգիտիմացնելու համար։ Ըստ ուսումնասիրության՝ կրեմլամետ պատմույթները սկզբում հրապարակվում են Aydınlık-ում՝ առանց ապացույցների և անանուն աղբյուրների հղումներով, ապա արագ վերահրապարակվում ռուսական պետական լրատվամիջոցների կողմից՝ ներկայացվելով որպես թուրքական մամուլի «բացահայտումներ»։ Այս մեխանիզմի միջոցով, փաստացի, ռուսական մեդիան ձևավորում է անկախ աղբյուրից հաստատման պատրանք՝ ապատեղեկատվությունը միջազգային հարթակներում շրջանառելու համար։

Առաջին անգամ չէ, որ կրեմլամետ կապերով թուրքական հայտնի լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում Հայաստանի մասին։ Շուրջ մեկ ամիս առաջ հայաստանյան լրատվամիջոցները տարածել էին թուրքական մեկ այլ աղբյուրի՝  OdaTV-ի հոդվածը, որը գրել էր, թե Փաշինյանը Էրդողանի խնդրանքով Հայաստանում մզկիթներ է կառուցում։ Այս տեղեկությունն անմիջապես հերքվել էր։ 

Տե՛ս՝ 10 մզկիթ Էրդողանի խնդրանքով. հերթական ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում