Րաֆֆի Հովհաննիսյանը կանաչ լույս կբացի գեյերի և աղանդավորների առջև. Հայկ Բաբուխանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, արձագանքելով իր շուրջ երեկ տարածված խոսակցություններին, ասել է. «Նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել, ովքեր փորձում են պրովոկացիա անել կամ փորձում են տեսնել իրենց համար ցանկալի խոսքեր, դրանք ուրեմն սովորական վարձու պրովոկատորներ են, փողը տված է՝ հաչում են: Ես ասել եմ՝ Րաֆֆիի ընտրազանգվածում կա 3 շերտ. մի շերտը այն մարդիկ են, ովքեր լիբերալ գաղափարախոսության կողմնակիցներն են, կան մարդիկ, ովքեր կատարում են հրամաններ և այդ հրամաններով են առաջնորդվում, մարդիկ էլ կան, ովքեր դառնացած են իշխանություններից, և իրենց դառնությունն արտահայտում են քվեարկելով, ըստ էության, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմ, այլ իշխանությունների. նրանք դեմ քվեարկող զանգվածն են: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, թող խնդիրն իր մեջ տեսնի: Իհարկե, ես ասել եմ՝ այդ քվեարկողների մեջ կան նաև մարդիկ՝ աղանդավորական կամ սեռական փոքրամասնություններ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է փոքրամասնությունների իրավունքների մասին: Կան մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանում լինեն գեյ ակումբներ, կան մարդիկ, ովքեր երազում են՝ Հայաստանում լինի տոտալիտար աղանդների մեծամասնություն, հայ առաքելական եկեղեցին դառնա փոքրամասնություն. դրանք աղանդավորներն են, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ուզում ապրել ազգային ավանդական արժեքներով, այդ մարդիկ նույնպես քվեարկել են հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրային դրույթներում ասել է և բազմիցս կրկնել է, որ նա պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում: Բացի դրանից` այն մարդիկ, ովքեր կողմնակից են եղել Ծոմակի ակումբին, գնացել են պաշտպանել են այն, մարդիկ արտահայտվել են, որ Ծոմակի որջի՝ միասեռականների ակումբի դեմ կատարած քայլը ֆաշիզմ է, նացիզմ է, դրանց մեջ էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտպանել է այդ ակումբի գոյության իրավունքը»: Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ այն մարդիկ, որոնք կարծում են, որ այդպիսի փոքրամասնությունները պետք է ծաղկեն Հայաստանում, նույնպես ընտրել են նրան: Այդ շերտը բազմազան է, ովքեր ուզում են Հայաստանը լինի ամերիկյան մոդելի նման, և մարդիկ, որոնք ձայն են տվել ընդդեմ իշխանությունների՝ իրենց կյանքում առնչվել են չինովնիկի հետ, ով կաշառք է ուզել, դատավորի հետ, ով անարդար է եղել, կամ չեն կարողանում աշխատանք գտնել. այդ մարդիկ փորձում են փոփոխություն գտնել իրենց կյանքում, և այդ մարդիկ գնացել են Րաֆֆիին են ընտրել։ Եթե լիներ Լևոնը, կընտրեին Լևոնին, Օսկանյանը՝ կընտրեին Օսկանյանին, կամ մեկ ուրիշ ընդդիմադիրի: «Իմ կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կանաչ լույս կբացի գեյերի և աղանդավորների առջև, որովհետև նա հայտարարում է, որ պետք է պաշտպանի փոքրամասնությունների իրավունքները, և համարում է, որ պետք է աջակցել Ծոմակի ակումբին: Արևմտյան մոդելը այլ է, և Րաֆֆին փորձում է արևմտյան մոդելը բերել և ամբողջությամբ տեղադրել Հայաստանում և այդ մոդելի բոլոր ատրիբուտները ներմուծի Հայաստան: Հիմա ես նորից եմ կրկնում՝ Հայաստանում տեղի է ունենում ազգային պահպանողական գաղափարախոսության և ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության բախում: Ազգային պահպանողական գաղափարախոսությունը՝ Սերժ Սարգսյանի առաջնորդմամբ, այն ճյուղն է, ովքեր չեն ուզում ապրել այն կենցաղով, ինչպես մարդիկ ապրում են արևմուտքում: Բայց դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը չի տեսնում Թուրքիայի, Ադրբեջանի վտանգը, մեր ազգային արժեքներ են փոխվում, պահպանողական մտածելակերպն է փոխվում: Րաֆֆին երեկ ասում էր՝ կյանքի գնով ինչ-որ բաներ կանի. ո՞ւմ կյանքի գնով, մեր հայ երիտասարդների՞ կյանքի գնով: Եթե Րաֆֆին ունի այդ հայկական պատկերացումները, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ նրա զավակները չեն ծառայում բանակում, այստեղ մեծացել են, գնացել ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել, չեն ծառայել հայոց բանակում: Հիմա մեր տղաների արյունը դառնա՞, Րաֆֆիի արյունը քաղցր ա հա՞: Եթե 550.000 մարդու ձեռք է տալիս Րաֆֆիի Հայաստանը, մեզ դա ձեռք չի տալիս, մենք մեծամասնություն ենք կազմում՝ 850.000: Հիմա ի՞նչ են առաջարկում Օսկանյանի ասած լիդեր սարքե՞նք։ Մենք դա թույլ չենք տա, թույլ չենք տա մեր երկիրը պառակտեն, որովհետև թուրքերի, ադրբեջանցիների ցանկությունն է, նրանց հետևում կանգնած ԱՄՆ-ի ցանկությունն է»,- ըստ Lurer.com-ի` ասել է Բաբուխանյանը:

Մեկնաբանել