Նոր կառավարության մասին․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր nikolpashinyan.com բլոգում գրառում է արել՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հիմքերն ունի Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Փաշինյանի գրառումը ներկայացված է ստորև:

Արդեն նշել եմ, որ նախագահական ընտրությունների՝ փետրվարի 18-ի քվեարկությունից հետո Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել և նկարագրել, թե ինչում է այդ իրավիճակի առանձնահատկությունը: Վերջին մի քանի օրերին, սակայն, իրավիճակը նոր փոփոխություններ էլ է կրել: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը ուղերձ հղեց, որ մտադիր է հետևողականորեն պաշտպանել ժողովրդի կողմից իրեն տրված վստահության քվեն: Ու չնայած այսօրվա հանրահավաքի յուրահատուկ լինելուն, այդ ուղերձը անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:

Երկրորդը՝ Աշտարակը, Վանաձորը, Գյումրին, Սպիտակը վերահաստատեցին Հովհաննիսյանին տված իրենց վստահության քվեն, փետրվարի 23-ին նրան ընդունելով որպես ընտրյալ նախագահի: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընտրյալ քաղաքական լիդեր, բոլոր հիմքերն ունեն Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:

Ի՞նչ է պետք անել սրա համար: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եվ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ Նոր կառավարության ձևավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձևավորումը:

Մի նրբերանգ կա, այնուամենայնիվ, որ ուզում եմ ընդգծել. ըստ ամենայնի հասկանալով, որ Նոր կառավարության ձևավորումը կարող է լինել ընտրություններում հաղթած թեկնածուի՝ իրենց համար ամենավտանգավոր գործը, Սերժ Սարգսյանը փորձեց նախապես վարկաբեկել գործընթացը: Վերջինիս աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հեռուստատեսային եթերից խոսել է ընդդիմադիր ստվերային կառավարության ձևավորման հնարավորության մասին:
Բայց այս նրբությունը, ավելի ճիշտ տրյուկը չպետք է կաշկանդի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև իշխանությունը իրեն հայտնի ԿԳԲ-ական մեթոդներով միշտ էլ կարող է նախապես տեղեկանալ ընդդիմության ծրագրերի մասին, կամ վերլուծել իր համար ամենավտանգավոր սցենարները և դրանք վարկաբեկելու միջոցներ ձեռնարկել:

Անկախ սրանից, սակայն, արձանագրենք. ցանկացած նորընտիր նախագահի առաջին գործը Նոր կառավարության ձևավորումն է: Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ այդմ, եթե լրջորեն է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթած լինելու մասին, պետք է սկսի այդ Նոր կառավարության ձևավորումը և ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ: Այդ թվերը ոչ ոք լուրջ չի ընդունի, եթե ինքը նախագահի հաղթած թեկնածուն լուրջ չընդունի: Իսկ դրանք անլրջացնելու լավագույն ձևը նոր, լուրջ, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձևավորելն է:

Հարց է ծագում, ինչպե՞ս: Պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, և իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը: Սա կլինի ուղիղ ժողովրդավարության մի գործուն մեխանիզմ: Նախարարները Հովհաննիսյանի ներկայացմամբ Ազատության հրապարակում ժողովրդին կմատուցեն իրենց ծրագրերն ու պատկերացումները այս կամ այն ոլորտի կառավարման մասին, և ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում կհամարվեն Նոր կառավարության անդամ, ստանալով կոնկրետ նախարարության ղեկավարի կարգավիճակ:

Խոստովանենք, սակայն, որ սա չափազանց կարևորագույն և բարդ աշխատանք է, որովհետև Նոր կառավարության ձևավորման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է ավելի ուժեղանա և ոչ թե թուլանա: Այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր կառավարության անդամներին պետք է ընտրի առանց ավելորդ շտապողականության և նրան պետք է հնարավորություն տալ, որ ոչ թե միանգամից և մեկ օրում Ազատության հրապարակին ներկայացնի կառավարության ողջ կազմը, այլ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի ունենալիք հանրահավաքների ընթացքում հերթով, կամ խումբ-խումբ ներկայացնի նախարարներին, իհարկե, նաև օրենքով նախատեսվածից ավելի երկար չձգձգելով: Նոր կառավարության ձևավորումն, ըստ այդմ, պետք է լինի առաջիկա հանրահավաքային շարժման հիմնական նպատակներից մեկը:

Ընդգծենք, սակայն, որ Նոր կառավարության կազմի հաստատումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Հայաստանում դե յուրե իշխանափախությունն ի կատար ածելու համար: Վերը նկարագրվածից հետո պետք է տեղի ունենա Նոր կառավարության ճանաչումը, որպես ՀՀ-ում լեգիտիմ գործադիր իշխանության միակ մարմին: Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը: Վերջիններս, ի դեպ, դա կարող են անել տեղերում, այսինքն՝ քաղաքաներում և գյուղերում հրավիրվելիք համայնքային համաժողովների ընթացքում՝ ժողովրդի ուղիղ, բաց քվեարկությամբ: Այդ համաժողովների ընթացքում բոլոր այն գյուղերում և քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները աջակցել են ընտրակեղծիքներին, կամ աջակցում են ապօրինի իշխանությանը, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր և քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ Նոր կառավարության աջակցությամբ:

Նոր կառավարության ճանաչման գործընթացը պիտի տեղի ունենա նաև Հայաստանի սահմաններից դուրս. ամեն ինչ պետք է անել, որ նման հայտարարություններով հանդես գան Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչները, ապա և՝ միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները, որոնց հետ այս ուղղությամբ բանակցությունները պետք է սկսել անհապաղ:

Ի դեպ, նման պրակտիկա կա, գոյություն ունի երբ Միջազգային հանրությունը որևէ երկրի ընդդիմության ճանաչում է որպես լեգիտիմ իշխանություն: Նման նախադեպ եղել է, մասնավորապես, Լիբիայում: Բայց եթե այնտեղ դա իրականացվել է արյունալի մարտերց հետո, Հայաստանում կա հնարավորություն դա անել խաղաղ, առանց զենքի, ժողովրդավարական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում տեղի ունենալիք պրոցեսների արդյունքում:

Ի դեպ, այս օրերին էլի պտտվում են խոսակցություններ, թե այս իշխանությունները որևէ զիջման չեն գնա, չեն զիջի իշխանությունը, էլի ու էլի լսում ենք շեշտադրումներ ուժային, նույնիսկ զինված գործողությունների գնալու անհրաժեշտության մասին: Դեռ մի կողմ դնենք այն, թե որքանով է դա համապատասխանում հայ ժողովրդի արժեհամակարգին:

Հարցը հասկանալու համար դիտարկենք Սիրիայի օրինակը, որտեղ ընդդիմությունը վճռականորեն զենքի է դիմել, երկու տարի երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմ, երկիրը վերածվել է ավերակների, իսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել: Եթե նույնիսկ շատ շուտով տեղի ունենա, երկիրը վեր է ածվել ավերակների:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա երկրի, ժողովրդի, սեփական պարտությունը բացառող քայլերով և անի հաղթանակին ուղղված բացառապես քաղաքական, խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, հայ և միջազգային հանրության համար ընկալելի գործողություններ, որովհետև նման հնարավորություն իսկապես կա: Ի դեպ, առավելագույն ջանքերն է պետք գործադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի ձևավորած Նոր կառավարությունը ճանաչած առաջին պետությունը լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Եվս մեկ նրբերանգ. դժվար չէ կռահել, որ Նոր կառավարության հնարավոր ձևավորումը արժանանալու է մեծ դիմադրության և շահարկումների: Կառավարության անդամները կմեղադրվեն իշխանամոլության, իշխանատենչության մեջ: Բայց այս մեղադրանքի հեղինակները ուղղակի ծառայություն են մատուցելու Սերժ Սարգսյանին: Որպեսզի մարդիկ հավատան իրական իշխանափոխությանը և ցանկանան դա, պետք է տեսնեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի թիմ, որ ի վիճակի է կառավարել երկիրը, կառավարելի պահել իրավիճակը երկրում՝ բառիս Սահմանադրական ժողովրդավարական իմաստով: Իսկ նման՝ նոր, երիտասարդ կադրերից ձևավորված թիմ ստեղծելու պոտենցիալ հենց այսօր կա, գոյություն ունի Ազատության հրապարակում և դրանից դուրս:

Քավ լիցի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե իմ մասին եմ խոսում, մանավանդ որ նախորդ հանրահավքներից մեկում Հովհաննիսյանն այս մասին խոսք գցեց: Սույն հրապարակմամբ պաշտոնապես հայտարարում եմ՝ հրաժարվում եմ որևէ կարգավիճակից Հովհաննիսյանի Նոր կառավարությունում, և ոչ մի պայմանով չեմ համաձայնվի նման կարգավիճակի: Ոչ մի պայմանով, կամ արդարացմամբ, կամ քաղաքական հիմնավորմամբ: Ոչ մի պայմանով չեմ համաձայնվի որևէ պաշտոնի՝ արդեն Հովհաննիսյանի դե յուրե հաստատված իշխանության կազմում: Բացառում եմ, որ Հովհաննիսյանի «ստվերային» թե իրական իշխանութան մեջ որևէ կարգավիճակ ունենամ, եթե նույնիսկ ինձ առաջարկեն, ինձնից պահանջեն: Սա ասում եմ հատուկ, որովհետև հասկանում եմ, որ քաղաքական գործիչներից կուշտ մեր ժողովուրդը իրավունք ունի գրածիս մեջ ուրիշ իմաստներ փնտրել: Բայց մի փնտրեք, չկա ուրիշ իմաստ և երաշխիքն այս գրավոր խոսքն է:

Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը և տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն: Կա ժողովրդի վստահությունն արժանացած նախագահի թեկնածու, և նա թող ժողովրդին ներկայացնի իշխանական իր թիմին: Սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծել դե յուրե նոր իշխանության հաստատման հարցը:

Մեկնաբանել