ԿԲ-ն ավելի քիչ աճ է ակնկալում, քան կառավարությունը

Կենտրոնական բանկը ընթացիկ տարում ակնկալում է տնտեսական աճի 4,7-5,7% միջակայք, այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6,2% ցուցանիշը։ Բացի այդ՝ ԿԲ-ն այժմ շատ ավելի հոռետես է, քան անցած տարվա վերջին, երբ 2013թ. համար նշում էր 5-6,2% միջակայքը։

Թեև Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ, 2013, Դրամավարկային քաղաքականության 2012թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» հրապարակումում տնտեսական աճի առավելագույն մակարդակ նշված է 5,7%-ը, նվազագույն՝ 4,7%-ը, սակայն հաշվի առնելով արտաքին և ներքին գործոնները՝ ԿԲ-ում հակված են ակնկալել, որ տնտեսական աճն այս տարի կկազմի շուրջ 5,2%։

Ի տարբերություն 2012թ., երբ շուրջ 7% տնտեսական աճը պայմանավորված էր առավելապես գյուղատնտեսության թողարկման ծավալների բարձր տեմպերով (2012թ. գյուղատնտեսությունում աճը կազմել է 9,5%), այս տարի վճռորոշ են լինելու արդյունաբերության և ծառայությունների ոլորտները։ Տնտեսության երկու այս ճյուղերի ներդրումն ընդհանուր տնտեսական աճում կարող է կազմել 3,4-տոկոսային կետ։

ԿԲ կանխատեսումներով՝ արդյունաբերության ոլորտում 2013թ. ակնկալվում է ավելացված արժեքի 7-9% իրական աճ: Ցուցանիշը կապահովվի առավելապես հանքարդյունաբերության, մետաղագործության, սննդամթերքի և խմիչքների արտադրության, ադամանդագործության, դեղագործության և էներգետիկայի ենթաճյուղերի հաշվին։ Կառավարությունը 2013թ. բյուջեի ուղերձում նախանշել է արդյունաբերության ոլորտի 9,2% աճ։

Ըստ ԿԲ-ի՝ ընթացիկ տարում հավասարակշռված են լինելու արդյունաբերության ճյուղից բխող ռիսկերը: Ընդ որում՝ աճի ուղղությամբ ռիսկերը «մեծապես պայմանավորված են արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի ներքո տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը կառավարության միջոցառումների արդյունավետությամբ», իսկ նվազման ռիսկերը՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպի հնարավոր դանդաղմամբ։

Շինարարության ճյուղում այս տարի կանխատեսվող ավելացված արժեքի 2,5-4,5% աճը պայմանավորված կլինի էներգետիկայի, վերամշակող արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով: Շինարարության ճյուղում, ըստ ԿԲ-ի, ռիսկերը ևս հավասարակշռված են՝ պայմանավորված արդեն իսկ սկսված և նախատեսվող ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված խոշոր շինարարական ծրագրերի իրականացման արագությամբ։

Ծառայությունների ոլորտում շարունակաբար ակնկալվում է բարձր աճի միտում, որը հիմնականում ապահովվում է տրանսպորտի և կապի, ֆինանսական միջնորդության, ինչպես նաև զբոսաշրջության հետ կապված ծառայությունների հաշվին: Արդյունքում 2013թ. ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 4,2-6,2% միջակայքում: Ընդ որում՝ հավասարակշռված են նաև ծառայության ճյուղից բխող ռիսկերը, որոնք հիմնականում կպայմանավորվեն տնտեսության մյուս ճյուղերի՝ աճի ուղղությամբ ռիսկերի դրսևորման պարագայում տնօրինվող եկամուտի աճով, իսկ նվազման ռիսկերը՝ ներքին պահանջարկի աճի տեմպի նվազման ռիսկերով:

Գյուղատնտեսության ճյուղում 2013թ. ակնկալվում է 2-4% իրական աճ: ԿԲ-ն, հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսության կեսը կազմող բուսաբուծության բերքը դեռևս կախված է բնակլիմայական պայմաններից, իսկ ոլորտում կատարված ներդրումներն իրենց շոշափելի արդյունքը կտան որոշակի ժամանակային ուշացմամբ, աճի կանխատեսման ժամանակ ընտրել է ամենաքիչ ռիսկային տարբերակը:

ԿԲ-ում գտնում են, որ 2013թ. սպասվող տնտեսական աճի արդյունքում կշարունակվի աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճը, որի արդյունքում տնտեսությունում կնվազի գործազուրկների թիվը: Ըստ գնահատումների՝ 2013թ. գործազրկության միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ կնվազի 0,6-տոկոսային կետով՝ մինչև 16,5%։

ԿԲ կանխատեսումներով՝ 2012թ. գործազրկությունը կազմել է 17,1%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1,1-տոկոսային կետով: Ստացվում է, որ թեև այս տարի տնտեսական աճը հիմնականում ապահովելու են արդյունաբերությունն ու ծառայությունները, իսկ շինարարությունում աճի տեմպը արագանալու է, գործազրկությունը կրճատվելու է շատ ավելի համեստ տեմպերով։

ԿԲ-ն նաև կանխատեսում է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճ, որը, սակայն, կդանդաղի և կձևավորվի 7-9% միջակայքում։ Արտահանման ռիսկերը կպահպանվեն երկու ուղղությամբ՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման ռիսկերով, ինչպես նաև մետաղների միջազգային գների և Հայաստանի արդյունաբերության զարգացումներով։

Հաշվի առնելով համաշխարհային և ներքին տնտեսությունների հետագա զարգացումները՝ ներմուծման աճի ցուցանիշը վերանայվել է նվազման ուղղությամբ: 2013թ. ապրանքների և ծառայությունների իրական ներմուծման աճը գրեթե զրոյական կլինի: Ներմուծման մասով ռիսկերը նույնպես կպահպանվեն երկու ուղղությամբ՝ պայմանավորված ներքին տնտեսության զարգացումներով և միջազգային գների վարքագծով:

Այս տարի Ռուսաստանի տնտեսությունում սպասվող զարգացումների ներքո (Արժույթի միջազգային հիմնադրամը Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը ճշգրտել է 0,1-տոկոսային կետով, նվազման ուղղությամբ, մինչև 3,7%) ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների աճի տեմպերը 2013թ. ընթացքում կգտնվեն 7-9% միջակայքում: Համեմատության համար՝ 2012թ. ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 9,1%-ով։ 

Մեկնաբանել