Մուսաների խոսալու ժամանակը. Լևոն Ջավախյան

Լուսանկարը` Granish.org-ի

Քսան տարի առաջ խարխափուն վերնագրով մի հոդված էի գրել. «Թուրքը որպես ազգ, եթե անգամ իմ թշնամին է, ապա որպես մարդ` բարեկամս»։ Վարդգես Պետրոսյանը իր մահից առաջ մի թերթ էր տպում` «Երկիր Նաիրի» խորագրով։ Ինձ համար անսպասելի այդ հոդվածը նա տպագրել էր իր թերթում` ակնկալելով բանավեճ ծավալել առաջարկածս թեմայով։ Սակայն եղավ առավել անսպասելին. մարդասպանի գնդակը խոցեց նշանավոր հրապարակախոսի սիրտը, և սկսված վեճը այդպես էլ շարունակություն չունեցավ։

Բայց արդյո՞ք անհեթեթ չէ բանավիճելը նախանշած թեմայով։ Այդ ո՞վ է եղել այն իմաստունը, որ ժողովուրդները դասակարգել է լավի և վատի։ Մենք բոլորս էլ մեր ծննդյան օրից ինչ-որ կերպ քարոզչության զոհ ենք։ Մոր կաթի հետ մեզ ներարկել են այլատյացություն թուրքի նկատմամբ։ Բոլորիս ուղեղի գալարով էլ նույն միտքն է անցել։ Թուրքը նույնացվել է վատի, չարի, արյունարբուի և բորենու հետ։ Ասես նրան մեր չի բերել, նրանց գորշ գայլն է բերել։ Ձեզ եմ հարցնում իմ լավ ընթերցողնե՛ր՝ ո՞վ է այստեղ մեղավոր, միայն թո՞ւրքը…

Ինչու մենք հայտնվեցինք զոհի կարգավիճակում, թուրքի՞ պատճառով, մի այլ ժողովրդի՞ դրդմամբ, թե՞ ընդամենը մեր խելքի պատճառով։ Արդյո՞ք դրան չէր հասցնելու դեռ էն գլխից ռուսի նկատմամբ տածած մեր անվարան հավատը։ Քանի-քանի դար ենք ապրել թուրք ժողովրդի հետ, ինչո՞ւ Եղեռն չէր լինում… Մինչդեռ, իրար հաջորդած ռուս-թուրքական պատերազմներից հետո հայտնվեցինք տխուր վիճակում։ Թուրքիայում մենք հինգերրորդ էշելոն էինք. ապրելով Թուրքիայում՝ ակնհայտորեն հայտնվել էինք ռուսական բանակում, սա աներկբա փաստ է։ Ժողովրդական ասացվածքը ասում է. «Գոգիդ նստեմ` միրուքդ փետեմ»։ Մինչև ե՞րբ պիտի ուրիշի միրուքը փետեինք։

Վերջիվերջո, ի՞նչ տարբերություն, թե ում լծի տակ պիտի ապրեինք։ Արևմտյան Հայաստանում ապրում էինք, չէ՞, և կյանքը ամենևին էլ կանգ չէր առնում…

Թուրքական խնդիրը միթոմ քիչ էր, հիմա էլ ադրբեջանական պրոբլեմը… Ում էլ ասես, ադբեջանական ժողովուրդը չի կարող վատը լինել` աչքդ կհանեն։ Ի՞նչ է, դա մեր կողմից ֆաշի՞զմ չէ, թե՞ նրանք են ֆաշիստը, քանզի անուն դնողը մենք ենք։ Լավագույն դեպքում կարող են փոքր ինչ զիջողության գնալ. այո, կարող են ընդունել, որ նրանց մեջ էլ կարող են լավ մարդիկ լինել, բայց այդ ժողովուրդ` երբեք։

Երբ «Քիրվա» պատմվածքի համար ես ադրբեջանական մրցանակ ստացա, մամուլի որոշ միջոցներ քիչ էին մնում, որ ինձ հում-հում ուտեն։ Այնինչ, այնտեղ պատմում էի ընդամենը հայի և ադրբեջանցու սրտառուչ բարեկամության մասին։ Հայի լավը թերևս հասկանում էին, բայց ադրբեջանցին ո՞ւմ «շունն» է.. Պատկերացնո՞ւմ եք, «Իրավունք» թերթը ութ էջ ունի, և այդ բոլոր ութ էջերն էլ լցված էին իմ նկատմամբ հայհոյագիր տառերով։

Եվ ի՞նչ պարզվեց։ Պարզվեց, որ այդ վատ մարդկանց մեջ կա մի լավ գրող` Աքրամ Այլիսլի, որը հանուն մեր նկատմամբ տածած եղբայրական զգացումների պատրաստ է իր իսկ երկրում ենթարկվել անասելի ճնշումերի։ Այդ մարդը արդեն անցել է Ռուբիկոնը։ Երբ թնդանոթները խոսում են, մուսաները լռում են։ Հիմա եկել է մուսաների խոսալու ժամանակը։ Իսկ ո՞ւր են հայ մտավորականության կարկառուն ներկայացուչիչները։ Այստեղ են, ընդամենը իմ կողքին և ինձ խելք են սովորեցնում։ Ես «Հրապարակ» թերթում բաց նամակ էի գրել Աքրամ Այլիսլիին, որտեղ օրհնում էի այն ժողովրդին, որ նման զավակ է ծնել, իսկ մեր մեծերը ինձ խրատում էին, հա, Այլիսլիին հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի նրա ժողովուրդը…

Մենք Այլիսլիին օգնած կլինենք, եթե նրան չհակադրենք իր ժողովրդին։ Խնդրում եմ, ինձ հասկացե՛ք, ով հայ հայրենասերներ, առանց հումանիզմի չկա հայրենասիրություն։ Իսկական հայրենասերը նա է` Աքրամ Այլիսլին, որ իր ժողովրդին փրկում է խայտառակությունից, և ոչ թե դուք, երբ փորձում եք նրան փրկել իր ժողովրդից։ Այլիսլիի ցավը նաև մեր բոլորի ցավն է, բայց ափսոս, որ մենք նրա ցավը չենք կարող տանել։ Այդ իսկ պատճառով ես երկրորդ նամակն եմ գրել Ստամբուլ՝ ուղղված թուրք առաջադեմ հասարակայնությանը` թախանձագին խնդրանքով, որ նրանք այդ բեռն իրենց ուսերին առնեն։

Նապոլեոն Բոնապարտը ասում էր` եթե մեկ առյուծը անցնի ոչխարների գլուխ, կարող է ողջ ոչխարներին առյուծ դարձնել, իսկ եթե մի ոչխար դառնա առյուծների գլուխ, ապա նա կարող է և այդ առյուծներին ոչխար դարձնել։ Այդպես էլ կյանքում, մեկ երկու տականք կարող են իրենց ժողովրդի պատվի հետ խաղալ` անգամ նրան դարձնելով մարդասպան և եղերագործ… Բայց որ ժողովուրդը կարող է և մաքրվել ու զուլալվել իր տականքներից, հայտնի է ոչ միայն ինձ։

Սիրելիներս, ընդունե՛ք մարդկային այբբենական այս ճշմարտությունը` հավատացեք՝ վատ ժողովուրդներ չեն լինում… Լինում են ընդամենը ոչխարներ, որոնք իրենց մոլորյալ հոտի մեջ կորցնում են առյուծի գլուխը…

PQ

Այդ ո՞վ է եղել այն իմաստունը, որ ժողովուրդները դասակարգել է լավի և վատի

Լևոն Ջավախյան, Ejournal.am

Մեկնաբանել