Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են։ Այս մասին հայտնում է թուրքական իշխանական Anadolu գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ աշխատանքներ են ընթանում Իգդիրի Կարակոյունլու շրջանի Ալիջան սահմանային անցակետում և Հայաստանի ու Արմավիրի մարզի միջև գտնվող Մարգարա սահմանային անցակետում։
Հաղորդվում է, որ Ալիջան սահմանային անցակետում մաքսային և այլ ընթացակարգերի համար շենքեր են կառուցվում։ Սահման տանող ճանապարհին տեղադրվել են գովազդային վահանակներ և պաստառներ՝ Հայաստանից ժամանողներին Իգդիրն ու տարածաշրջանը ներկայացնելու համար։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը այցելել է սահման և տեղում ծանոթացել իրավիճակին։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանի փակվել է Անկարայի կողմից 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2021-ից սկսած՝ երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները հատուկ ներկայացուցիչների, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով։
Ալիջան-Մարգարա կամուրջը կարճ ժամանակով բացվել է 2023-ի փետրվարին, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ ուղարկեց Թուրքիա։
Չնայած երկու կողմերն էլ հայտարարել են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու պայմանավորվածության մասին, հստակ ժամկետներ դեռևս չեն հրապարակվել։ Երևանն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանի հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետն արդեն լիովին պատրաստ է շահագործման։
Հունվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։
Civilnet











