Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի որոշումը, սահմանվել է կալանք՝ երկու ամսով։ Գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ հունվարի 13-ից հետո այլևս գոյություն չունի իրավական կառուցակարգ տնային կալանքից առավել խիստ խափանման միջոց կիրառելու համար։
Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբանը պարզաբանել է, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Ըստ Վարդևանյանի՝ թեև որոշման հետևանքը կալանավորումն է, դատարանը ուղիղ գնահատական չի տվել տնային կալանքի կամ բանտային կալանքի ընտրությանը։
Փաստաբանի խոսքով՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցի ժամկետը լրանալուց առնվազն հինգ օր առաջ պետք է ներկայացվի դրա երկարաձգման միջնորդություն։ Քանի որ Կարապետյանի անձնական ազատության սահմանափակման ժամկետը լրանում է հունվարի 18-ին, ապա օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի վերջնակետը հունվարի 13-ն էր։ Վարդևանյանի պնդմամբ՝ քանի որ քննչական մարմինը այդ ժամկետում միջնորդել է երկարաձգել հենց տնային կալանքը, որևէ այլ իրավական մեխանիզմ՝ անձին կրկին բանտային կալանքի տանելու համար, այս պահին առկա չէ։
«Հունվարի 13-ից անդին այլևս հնարավորություն տնային կալանքի խափանման միջոցից զատ ավելի խիստ խափանման միջոցի իրավական կառուցակարգ չկա։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է՝ հինգ օր շուտ։ Եթե այդ ժամկետը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել»,- պարզաբանել է փաստաբանը։
Վարդևանյանը նշել է, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ վարույթ հարուցելու որոշումը, ինչը ենթադրում է կալանավորում, սակայն Կարապետյանի մեկուսարան տեղափոխվելը հնարավոր կլինի միայն բժշկական անհետաձգելի հարցերի լուծումից հետո։ Գործարարի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ և կորոնավիրուսային հիվանդություն, ինչը, ըստ պաշտպանի, կալանավայրում դրսևորված անգործության և պատշաճ բժշկական օգնության բացակայության հետևանք է։
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, որով նիստը նշանակվել է հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին:
Հոդվածի հրապարակման պահին նիստը դեռ շարունակվում է։
***
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով, և այլ սահմանափակումներով: Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
Civilnet











