Տարկետում ստացած 57 շրջանավարտից միայն մեկն է զորակոչվել բանակ․ Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հունվարի 19-ին սկսել է քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Կառավարության առաջարկած փոփոխությունների նպատակն է տարկետում տալ այն երիտասարդներին, որոնք հնարավորություն են ստանում սովորել աշխարհի լավագույն բուհերում, հետագայում այդ ներուժը օգտագործել Հայաստանի զարգացման նպատակով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ 2018-ից գործող կարգով աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար տարկետում է ստացել 650 քաղաքացի, որոնցից 570-ն այս պահին դեռ շարունակում է ուսումը: Նրա խոսքով, սակայն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավարտած քաղաքացիների դեպքում համակարգը չի ծառայում իր նպատակին:
Նախարարի փոխանցմամբ՝ ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն է վերադարձից հետո մեկնել ծառայության: Շրջանավարտներից 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը գտնվում են հետախուզման մեջ, իսկ 40-ը չեն ծառայել որևէ այլ հիմքով: Ըստ նախարարի՝ սա փաստում է, որ ձևավորվող գիտելիքն ու հմտությունները չեն վերադառնում Հայաստան և չեն ծառայում երկրի հանրային ու տնտեսական օրակարգին:
Առաջարկվող նոր համակարգով քաղաքացիները հնարավորություն կստանան տարկետում ստանալ Շանհայի վարկանիշավորման (ARWU) առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում սովորելու համար: Փոխարենը նրանք պարտավորություն կստանձնեն ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել Հայաստանի կառավարության կողմից սահմանված ոլորտում և վայրում:
Նախատեսվում է, որ միայն այս ժամկետով աշխատելուց հետո քաղաքացին կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ աշխատանքի վայրը կարող է լինել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, եթե տվյալ կազմակերպությունում աշխատանքը պետության համար ունի վճռորոշ նշանակություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետության համար մարտահրավեր է բարձրորակ մասնագետների՝ IT ոլորտի ներկայացուցիչների, բժիշկների և ինժեներների արտահոսքը : Որակյալ կրթություն ստացած և միջազգային փորձին ծանոթ կադրերի արտագաղթը բերում է աշխատուժի զգալի պակասի:
Հաշվարկները ցույց են տալիս, որ առաջատար բուհերում մեկ մասնագետի պատրաստումը պետության կամ քաղաքացու վրա մեծ գումարներ է նստում. օրինակ՝ ԱՄՆ-ում 4 տարվա ուսումը կարող է արժենալ մինչև 350,000 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում՝ մինչև 240,000 դոլար:
Օրենսդրական փոփոխությունը տարածվելու է նաև այն քաղաքացիների վրա, որոնք արդեն իսկ ստացել են տարկետում գործող կարգով և դեռ սովորում են: Նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո նվաճումների հիման վրա տարկետում տրամադրելու նախկին համակարգն այլևս չի գործելու: Այս փոփոխությունը բխում է Հայաստանի մինչև 2050-ի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու նպատակից:
Civilnet










