Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի ֆինանսավորմամբ ֆիլմը խաբե՞լ է փորձագետներին՝ նրանց դրդելով մասնակցել ֆիլմին

Ադրբեջանի ֆինանսավորմամբ ֆիլմը խաբե՞լ է փորձագետներին՝ նրանց դրդելով մասնակցել ֆիլմին

Հետաքննական հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

«Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ։ Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման վրա աշխատել է ավելի քան 100 մարդ։ Ֆիլմը դեկտեմբերի վերջին հեռարձակվել է նաև ադրբեջանական AnewZ ալիքով, որը ֆինանսավորվում է պետության կողմից։

«Մենք հետաքննությունն իրականացրել ենք միջազգային չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է AnewZ-ի տնօրեն Ռուֆաթ Համզաևը, որը, ըստ JamNews-ի, հավելել է, որ արտադրական գործընթացը սկսվել է 2025-ի հունվարին։

Ֆիլմը ներառում է օտարերկրյա փորձագետների, հայտնի հետաքննող լրագրողների և հայ հասարակական գործիչների հետ հարցազրույցներ։ Այն ներկայացվում է որպես հետաքննական վավերագրական ֆիլմ և խիստ բացասական լույսի ներքո է ներկայացնում գործարար Ռուբեն Վարդանյանին, որը ներկայում դատվում է Ադրբեջանում։

Ֆիլմում առաջ է քաշվում այն թեզը, թե Վարդանյանը մինչև 2023-ի սեպտեմբերը եղել է Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքը։ 

Վարդանյանը Ադրբեջանում մեղադրվում է երկու տասնյակից ավելի հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և սպանության փորձի մեջ։

Նրա միջազգային իրավական թիմը, որին թույլ չի տրվել մուտք գործել երկիր, մտահոգություններ է հայտնել, որ դատավարությունը չի համապատասխանում անկախ արդարադատության չափանիշներին։ 

OC Media-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում հայտնված հարցազրույց տված անձանց մեծ մասը, ինչպես նաև ֆիլմի վրա աշխատած ենթակապալառուները, հնարավոր է, մոլորեցվել են ֆիլմի իրական բնույթի և պատվիրատուի հարցում։

Թուրք-իսպանա-ադրբեջանական արտադրությո՞ւն

Ֆիլմը հեռարձակվել է առանց արտադրական խմբի կամ հեղինակային կազմի նշման։ Սակայն OC Media-ի ձեռք բերած փաստաթղթերը, ներառյալ ներքին աշխատանքային նյութերն ու խմբի մասնակի ցուցակները, ցույց են տալիս, որ արտադրության առանցքում եղել է Ադրբեջանի հետ մասնագիտական սերտ կապերով թուրք մեդիաաշխատողների խումբ։

Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է ադրբեջանական կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելով, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ֆիլմեր։ Մյուսը՝ Օմեր Ֆարուկ Թունջը, Թուրքիայի պետական Anadolu Ajansı լրատվական գործակալության ավագ պրոդյուսեր է։

Ըստ ներքին փաստաթղթերի և արտադրական թիմի աշխատակիցների՝ նախագծում առանցքային դեր է ունեցել նաև պորտուգալացի ռեժիսոր Կարմեն Մարկեսը և նրա ընկերությունը՝ TPTM Media-ն։ Մարկեսը նախկինում աշխատել է թուրքական պետական TRT World հեռուստաալիքում։

OC Media-ի հետ անանուն խոսած ենթակապալառուն նշել է, որ կասկածներ է ունեցել ֆիլմի ուղղվածության վերաբերյալ, երբ նկատել է, որ գրեթե ողջ թիմը օգտագործում է թուրքական հեռախոսահամարներ, այդ թվում՝ Մարկեսը, որը ներկայացվում էր որպես ֆիլմի ռեժիսոր։ Սա այն դեպքում, երբ նախագծի գլխավոր ստեղծագործական ղեկավար ներկայացվում էր մեկ այլ՝ «Էմմի» մրցանակակիր մասնագետ։

Երբ այդ անձի հետ կապ է հաստատվել, նա ասել է OC Media-ին, որ երբևէ չի լսել այդ նախագծի մասին։ Նա ենթադրել է, որ իր անունը կարող էր օգտագործվել TRT World-ի հետ նախկին համագործակցության պատճառով։ OC Media-ն չի գտել որևէ ապացույց նրա իրական մասնակցության վերաբերյալ, բացի այն հանգամանքից, որ նրա անունը նշված է TPTM Media-ի և թուրքական թիմի ներկայացրած տարբեր փիչերում։

Նույն աղբյուրի խոսքով՝ կասկածները խորացել են, երբ արտադրական թիմը հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ հայտարարելով, թե «փոխադարձ համաձայնությունը» ընդունված պրակտիկա է։ Բացի այդ, վճարումներ կատարող թուրքական թիմը պնդել է, որ գումարը փոխանցվի կանխիկ։

Մասնակիցները մոլորեցվա՞ծ են եղել

OC Media-ն զրուցել է շուրջ մեկ տասնյակ անձանց հետ, որոնք հայտնվել են ֆիլմում կամ ներգրավված են եղել որպես ենթակապալառու պրոդյուսերներ։ Նրանցից ոչ մեկը չի հայտնել, որ տեղյակ է եղել, թե ֆիլմը պատրաստվում է ադրբեջանական պետական մեդիայի համար։

Բոլոր ենթակապալառուները և ոչ հայ փորձագետները նշել են, որ իրենց ասել են՝ ֆիլմը նվիրված է լինելու «Տրոյկա լվացքատուն» հետաքննությանը՝ ռուսական բանկային համակարգում կոռուպցիոն սխեմաների մասին խոշոր բացահայտմանը, որի մեջ Վարդանյանը ներգրավված էր։

OC Media-ի ուսումնասիրած փիչ-փաստաթղթերում որևէ հիշատակում չի եղել Ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև չի նշվել ադրբեջանական պետական մեդիայի ներգրավվածությունը։ Փոխարենը նշվել է TPTM Media Spain ընկերությունը և ակնարկվել է, թե բանակցություններ են ընթանում միջազգային խոշոր սթրիմինգային հարթակների հետ։

Ֆիլմում հայտնված փորձագետներից մեկը՝ Լիտվայի խորհրդարանի պատգամավոր և հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ Վիտալիյուս Գայլյուսը, OC Media-ին ասել է.

«Քանի որ իմ մասնակցությունը հիմնված էր բացառապես իրավական և կոռուպցիայի կանխարգելման գնահատականի վրա, ոչ թե քաղաքական կամ ազգային շահերի, կարծում եմ՝ հեղինակները պարտավոր են ապահովել ֆիլմի օբյեկտիվ, ճշգրիտ և փաստահեն լինելը»։

Մեկ այլ հարցազրույց տված անձ նշել է, որ իր հարցազրույցը արվել է դեռևս 2019-ին՝ այլ համատեքստի և այլ նախագծի համար, և ինքը երբեք չի տվել համաձայնություն նյութի օգտագործման համար ադրբեջանական արտադրությունում։

Արցախում նախկին պաշտոնյա Սամվել Բաբայանը հրապարակել է իրեն ներկայացված փիչը՝ նշելով, որ հարցազրույցը վարել է հենց Կարմեն Մարկեսը։ Փիչում նշված էր, որ նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել «Հայաստանը՝ պատմական խաչմերուկում, խոր մշակութային արմատներով և գլոբալ հավակնություններով»՝ առանց որևէ հիշատակում Վարդանյանի գործի մասին։ OC Media-ի հետ զրուցած այլ հայ մասնակիցներ հայտնել են, որ հարցազրույցները տեղի են ունեցել 2025-ի սեպտեմբերին։

Վերջնական արդյունքը

TPTM Media ընկերությունը և Կարմեն Մարկեսը, որոնք բաց աղբյուրներում նշվում են որպես նախագծի մասնակիցներ, լքել են արտադրությունը 2025-ի հոկտեմբերի վերջին՝ պրեմիերայից մոտ երկու ամիս առաջ։

Չնայած այդ ուշ շրջանի դուրս գալուն, ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ ֆիլմի հիմնական ուղղվածությունը ձևավորվել էր ավելի վաղ։

2025-ի ամռանը պատրաստված կոնցեպտ-նոթը մեծապես համընկնում է վերջնական ֆիլմի կառուցվածքի հետ՝ ներառյալ հարցազրույց տված անձանց մեծ մասը և փաստերի ներկայացման տրամաբանությունը։ Թեև որոշ մանրամասներ տարբեր են, ընդհանուր նարատիվը նույնն է։

Նոթը շրջանառվել է ինչպես թուրքական թիմի, այնպես էլ TPTM Media-ի կողմից։ Թեև սկզբում շեշտը դրված էր «Տրոյկա լվացքատան» վրա, փաստաթղթի մեծ մասը ներկայացնում է Ղարաբաղյան հակամարտությունը ադրբեջանական կառավարության տեսանկյունից և եզրակացնում, որ Վարդանյանի դատավարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին։

Բացի այդ, ֆոնային աղբյուրների մի մասը վերցված է EU Reporter-ից, որը բազմիցս քննադատվել է որպես վճարովի հրապարակումների հարթակ և Ադրբեջանին բարենպաստ նյութեր տարածելու համար։

Փոխվել է նաև ֆիլմի անվանումը՝ 2025-ի փիչերում ներկայացված տարբերակից մինչև վերջնական տարբերակ։

Մարկեսը հրաժարվել է մեկնաբանություն տալ OC Media-ին։ Քերքուքլուն և Թունջը չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքներին։

«Քարոզչական գործողություն»

OC Media-ի բացահայտումներին ծանոթանալուց հետո Մեծ Բրիտանիայում գործող Ethical Journalism Network-ի նախագահ Էյդան Ուայթը կասկածի տակ է դրել նախագծի էթիկան։

«Լեգիտիմ փորձագետների ձայները կոնտեքստից հանելը և դրանք քարոզչական նպատակներով օգտագործելը շոկային է»,- ասել է Ուայթը։

Նրա խոսքով՝ հեռուստաալիքը պետք է հեռացնի այդ մեկնաբանությունները եթերից, մինչև աղբյուրները համաձայնություն տան նման օգտագործման համար։

«Անընդունելի վարքագիծ է»,- ասել է նա՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ փորձագետներին ներկայացվել է մեկ թեմա, իսկ փաստացի արտադրանքը եղել է այլ բովանդակությամբ։

«Լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքն է թափանցիկությունը՝ հստակ ասել, ինչ նպատակ ունի նյութը և ինչպես է օգտագործվելու տեղեկատվությունը»,- հավելել է նա։

Միջազգային հավակնություններ

AnewZ ալիքը ստեղծվել է 2024-ի վերջին՝ Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթնաժողովից քիչ առաջ և հանդիսացել է միջոցառման հիմնական մեդիա գործընկերներից մեկը։ Ալիքի ղեկավարությունում ընդգրկված են օտարերկրյա լրագրողներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Գայ Շոունը, որը նախկինում աշխատել է Euronews-ում և BBC-ում։

Ալիքը պատկանում է Global Media Holding մեդիա խմբին, որը կապված է Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության՝ SOCAR-ի հետ։ Սկզբնական պայմանագրի արժեքը կազմել է 5 միլիոն մանաթ (մոտ 2.9 մլն դոլար), որը COP29-ից առաջ բարձրացվել է մինչև 11 միլիոն մանաթ (մոտ 6.5 մլն դոլար)։

Հիմնադիրներից մեկը՝ Օրխան Ամաշովը, նախկինում աշխատել է Caliber հարթակում, որը հայտնի է ադրբեջանական կառավարության հետ սերտ կապերով և Հայաստանի ու նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությամբ։ Ամաշովը նաև Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահի որդին է և հանդես է եկել ֆիլմում որպես փորձագետ։

Քննադատները նշում են, որ AnewZ-ը կարող է հանդիսանալ անգլալեզու միջազգային հարթակ ստեղծելու փորձ՝ RT-ի (նախկին Russia Today) օրինակով։

Հետաքննության հրապարակումից մի քանի օր առաջ AnewZ-ը հեռարձակել է ևս մեկ վավերագրական ֆիլմ՝ այս անգամ Հայաստանի ենթադրյալ մասնակցության մասին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը։ OC Media-ն հաստատել է, որ այս ֆիլմում ևս ներգրավված են եղել նույն մեդիա թիմերը, և ինչպես «Օլիգարխի նախագիծը» ֆիլմի դեպքում, մի շարք օտարերկրյա փորձագետներ չեն իմացել, որ արտադրանքը նախատեսված է AnewZ-ի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում