Մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը

Այսօր վախճանվել է Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը:

Բաբկեն Հարությունյանը ծնվել է 1941թ. Երևանում: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ` 1962թ., գերազանցության դիպլոմով: 1963-1966 թթ. ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ` 1972-1977 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993թ.:

2005թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ: 1969թ. առ այսօր դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ. դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ.` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում:

1970-1971 թթ. նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ.` նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ.` «Երևանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ.` ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ` 1997-2000 թթ.` ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003թ. ընտրվել է ԵՊՀ  հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում էր մինչ օրս, իսկ 2007-2008 թթ. համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն էր:

Բ. Հարությունյանն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006թ. նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին` ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Գիտնականն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ: