Կոալիցիա կազմելու խնդիր ԲՀԿ օրակարգում չկա. Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ մենք պետք է ընտրությունների հենց հաջորդ օրը, առանց որևէ հիմնավոր վերլուծության, անմիջապես արձագանքեինք և ո՞վ է որոշել, որ մենք մեր գործողությունները պետք է պայմանավորենք քաղաքական կամ լրատվական դաշտի այս կամ այն հատվածի ակնկալիքով: Panorama.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու երկրորդ խոշոր քաղաքական ուժը ընտրություններից հետո մի ամբողջ շաբաթ լռեց:

«Մենք հայտարարություն արել ենք այն ժամանակ, երբ գտել ենք նպատակահարմար: Մեր քաղաքական վարքագիծը որոշում ենք մենք, և կողմնակի որևէ խորհրդի կարիք չունենք»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք կարելի է ԲՀԿ տարածած հայտարարությունը դիտարկել ԲՀԿ-ի՝ դեպի կոալիցիա ճանապարհ հարթելու փորձ, Զոհրաբյանը պատասխանել է. «Ես բազմիցս ասել եմ, որ մեր մամուլում հիվանդագին երևակայությամբ տառապող վերլուծաբանների և գործիչների պակաս չկա, բայց անգամ ամենահիվանդագին երևակայության դեպքում հնարավոր չէր ԲՀԿ-ի հայտարարության մեջ ինչ-ինչ մեսիջներ տեսնել առ կոալիցիա։ Ես կրկնում եմ՝ կոալիցիա կազմելու խնդիր «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական օրակարգում չկա, և անձնապես ես ինքս որևէ քաղաքական պատճառ, մոտիվացիա, տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչու պետք է ԲՀԿ-ն մտնի կոալիցիա»: Զոհրաբյանը նշել է, որ այդ հարցով իր կուսակցությունում որևէ քննարկում չի եղել:

ԲՀԿ-ի՝ Ազատության հրապարակում հրապարակում լինել-չլինելու վերաբերյալ հարցին Զոհրաբյանը պատասխանել է. «Հարթակում գտնվող ուժը նախևառաջ պետք է հստակ ներկայացնի քաղաքական իր օրակարգը: Մենք պետք է տեսնենք այդ օրակարգը, այսինքն՝ քաղաքական քայլերի փաստարկված, հիմնավոր հաջորդականությունը։ Այնպես որ, երբ քաղաքական այդ օրակարգը հստակ ձևակերպված լինի, այդ ժամանակ էլ կարելի կլինի ԲՀԿ-ից ակնկալել հաջորդ հարցերի պատասխանը»:

Մեկնաբանել