Գլխավոր Լրահոս

Ախթալայի կոմբինատի աշխատողները վեց օր է` գործադուլ են անում

Ախթալայի կոմբինատի աշխատողները վեց օր է` գործադուլ են անում

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները՝ հորատանցողները, վեցերորդ օրն է՝ գործադուլ են անում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրուցում հայտնել են գործադուլավորները, որոնք ցանկացել են անանուն մնալ։

Հանքում աշխատողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հավելյալ աշխատանք են կատարում և դրա դիմաց հավելյալ չեն վարձատրվում: Նշեցին, որ պղինձը շուկայում թանկացել է, բայց իրենց աշխատավարձը չի բարձրանում։

«Պղնձի այն կոնցենտրատը, որ մենք հանձնում ենք, գինը 2019-ին 6,700 դոլար է եղել,  հիմա դարձել է 12,700, այսինքն կրկնակի թանկացել է, բայց մեզ համար ոչ մի փոփոխություն չկա»։

Զրուցակցի խոսքով՝ իրենք իրենց պահանջը հունվարի 10-ին բանավոր հայտնել էին ղեկավարությանը և մինչև հունվարի 15-ը ժամանակ տվել։ Ղեկավարությունից իրենց հայտնել են, որ չեն կարող բարձրացնել աշխատավարձը։

«Ասում են՝  հնարավորություն չկա, տասը տարի է՝ մինուսով ենք աշխատում: Ասում եմ՝ ո՞նց թե մինուսով, դուք այս մեծ հիմնարկը աշխատեցնում եք մինուսո՞վ։ Եթե ձեռնտու չէ, ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ պետք է փակի այդ բիզնեսը, ոչ թե տասը տարի մինուսով աշխատի»,- ասաց զրուցակիցը։

Արդեն որոշ աշխատողների ծանուցագրեր են ուղարկել, որ անհարգելի բացակայելու դեպքում կհեռացնեն աշխատանքից։

ՍիվիլՆեթին դիմել էր նաև հանքափորներից մեկի կինը՝ ասելով, որ իր ամուսինը տան միակ աշխատողն է։ Նրա խոսքով՝ կարիքները շատ են, բայց տարիներ շարունակ աշխատավարձի բարձրացում չի լինում։

Գործադուլ անողների թիվը մոտ 60 է՝ ըստ ՍիվիլՆեթի զրուցակիցների։ Նրանց խոսքով՝ գործադուլը կշարունակեն այնքան, մինչև իրենց պահանջը կատարվի։ 

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել Կոմբինատի հետ, բայց երբ հայտնեցինք, որ լրագրող ենք, անջատեցին։ Մինչ հոդվածի հրապարակումը մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել կոմբինատի հետ։

Հունվարի 20-ին Կոմբինատի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքի են հրավիրում հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում