Ազգային ժողովում հետընտրական զարգացումները քննարկելու նպատակով արտահերթ նիստ գումարելու որոշումը կախված է Հանրապետական կուսակցության պատասխանից: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն հարցի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը դեռ չի հայտնել:
Հակոբյանը նաև նշեց, որ ներկայում ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» համատեղ փաստաթուղթ են կազմում՝ արտահերթ նիստի հրավիրման նպատակով:
«Ժառանգության» ներկայացուցիչը չբացառեց, որ խորհրդարանում հետընտրական հարցերը քննարկվեն հաջորդ շաբաթվա առաջին կեսին:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով փետրվարի 25-ին` ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանին, հանդես էր եկել ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրացնելով խորհրդարանում հետընտրական իրավիճակը քննարկելու հարցը: Առաջարկին միացել էին նաև Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: