Գլխավոր Լրահոս

Կրոնական ազատություն և պետական չեզոքություն․ ինչ են ասում օրենքը և ՄԻԵԴ-ը

Կրոնական ազատություն և պետական չեզոքություն․ ինչ են ասում օրենքը և ՄԻԵԴ-ը

Իզաբելլա Սարգսյան

Հոդվածը հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։ Ստորև ներկայացված է հոդվածի կրճատ տարբերակը։

Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածն ամրագրում է խղճի և կրոնի ազատության սկզբունքները, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է կրոնական համայնքների գործունեության և ինքնավարության իրավական շրջանակը: Միասին վերցրած՝ այս դրույթները արտացոլում են ժողովրդավարական համակարգերում հետապնդվող հիմնարար նպատակները՝ անհատի հավատքի ազատության պաշտպանությունը, կրոնական կազմակերպությունների անկախության ապահովումը և կրոնական հարցերում պետության չեզոքության պահպանումը:

Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը տառացիորեն հետևում է այս սկզբունքներին:

Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է՝ «եկեղեցին անջատված է պետությունից: Այս հիմնադրույթի համաձայն պետությունը`ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը. բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն. գ) արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա»:

Օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար»:

Հայաստանի օրենսդրությունը հստակ «արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը և եկեղեցուն կամ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա»: Այն սահմանափակումը, որ կրոնական կազմակերպությունները «չեն կարող իրականացնել պետական ֆունկցիաներ», նշանակում է, որ կրոնական կազմակերպություններին, ներառյալ ՀԱԵ-ին, արգելված է իրականացնել այնպիսի լիազորություններ, որոնք վերապահված են բացառապես պետությանը: Սա ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հարկահավաքությունը, պաշտոնական փաստաթղթերի (անձնագրեր կամ ծննդյան վկայականներ) տրամադրումը, օրենքների ընդունումը և այլն: Այս արգելքը հատկապես կարևոր է, քանի որ անցյալում երկար ժամանակահատվածների ընթացքում՝ մինչև խորհրդային շրջանը, որոշ քվազի-պետական ֆունկցիաներ, ներառյալ դատական գործառույթները և կրթությունը, Օսմանյան կամ Ռուսական կայսրություններում ապրող պետականազուրկ հայ բնակչության շրջանում իրականացվել են ՀԱԵ-ի կողմից:

Պետական ֆունկցիաների իրականացման սահմանափակումը կարևոր սահմանադրական սկզբունք է, որի նպատակն է կանխել զուգահեռ ոչ պետական կառույցների ստեղծումը կամ գործունեությունը, ինչպիսիք են որոշ երկրներում գոյություն ունեցող կրոնական դատարանները, որոնք սահմանադրությամբ վերապահված են բացառապես պետությանը: Միջազգային և եվրոպական իրավական չափանիշները հետևողականորեն հաստատում են, որ պետական հիմնական գործառույթները, հատկապես արդարադատության իրականացումը, պետք է մնան բացառապես պետության սահմանադրական իրավասության ներքո, քանի որ զուգահեռ կրոնական կամ ոչ պետական կառույցների, օրինակ՝ կրոնական դատարանների հիմնումը խաթարում է իրավական որոշակիությունը, օրենքի առջև հավասարությունը և իրավունքի գերակայությունը, ինչպես ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից:

Այս կարգավորումը չի նշանակում, որ կրոնական կազմակերպությունները, ներառյալ Հայ առաքելական եկեղեցին, դուրս են մնում քաղաքական, հանրային, սոցիալական կամ մշակութային կյանքից. նրանք սահմանափակված չեն սոսկ «հոգևոր տիրույթով»: Ընդհակառակը, օրենքը հստակ սահմանում է, որ պետությունը կրոնական կազմակերպությունների անդամներին կամ սպասավորներին երաշխավորում է մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով մասնակցելու քաղաքացիական և քաղաքական կյանքին:

Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը

Կրոնական կազմակերպությունների ինքնավարության սկզբունքը նախատեսված է պաշտպանելու կրոնական հաստատությունները, ներառյալ եկեղեցին, պետության անհարկի միջամտությունից: Այս ինքնավարությունը ոչ միայն կրոնական կազմակերպությունների իրավունքն է, այլև պետության իրավական և բարոյական պատասխանատվությունը և հաճախ անվանվում է «հարգելու պատասխանատվություն». այն պարտավորեցնում է պետությանը զերծ մնալ կրոնական համայնքների անկախությունը կամ գործունեությունը ոտնահարելուց: Այս հարցի վերաբերյալ առկա է գիտական աշխատությունների, ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումների և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի հարուստ պաշար: Սակայն սույն հոդվածի նպատակների համար ես կկենտրոնանամ բացառապես ՄԻԵԴ-ի մեկնաբանության վրա, քանի որ այն հայաստանյան իրավական համակարգի անբաժանելի մասն է և պարտադիր է հայաստանյան իրավունքի համար:

Կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ ՄԻԵԴ-ը նշել է.

«Կրոնական համայնքները ավանդաբար և համընդհանուր գոյություն են ունեցել կազմակերպված կառույցների ձևով: Կրոնական համայնքի կազմակերպման եղանակին վերաբերող գործերում Կոնվենցիայի 9-րդ հոդվածը (ԿՀԱ) պետք է մեկնաբանվի 11-րդ հոդվածի (խաղաղ հավաքների և միավորումների ազատություն) լույսի ներքո, որը պաշտպանում է միավորումների կյանքը պետության անհիմն միջամտությունից: Կրոնական համայնքների ինքնավար գոյությունը անփոխարինելի է ժողովրդավարական հասարակության մեջ բազմակարծության համար և, հետևաբար, հարց է, որը գտնվում է 9-րդ հոդվածով ընձեռվող պաշտպանության հենց սրտում»[iv]:

ՄԻԵԴ-ի հետևյալ գործերը ցույց են տալիս, թե ինչպես է եկեղեցու ինքնավարության սկզբունքը կիրառվել դատական պրակտիկայում և այն որոշումներում, որոնք արդեն իսկ հանդիսանում են հայաստանյան օրենսդրության անբաժանելի մասը:

“Păstorul cel Bun”(լավ քահանա) արհմիությունը ընդդեմ Ռումինիայի գործում ռումինացի ուղղափառ քահանաները ձգտում էին արհմիություն ստեղծել՝ հակառակ եկեղեցու ցանկության: Թեև ՄԻԵԴ-ի փոքր պալատը սկզբնապես կողմ էր քահանաներին, Մեծ պալատը 2013 թվականին բեկանեց որոշումը՝ հաստատելով եկեղեցու ինքնակառավարման և կրոնական ինքնավարության իրավունքը: Այս գործը ամրապնդեց այն սկզբունքը, որ կառավարությունները չպետք է միջամտեն կրոնական կազմակերպությունների ներքին որոշումներին, հատկապես՝ նրանց հոգևոր առաջնորդների վերաբերյալ:

Նմանապես, Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդը (Մետրոպոլիտ Ինոկենտիյ) և այլք ընդդեմ Բուլղարիայի գործում առաջնորդության շուրջ վեճ էր առաջացել կոմունիզմի անկումից հետո: Բուլղարիայի կառավարությունը ճանաչեց միայն Պատրիարք Մաքսիմի առաջնորդությունը՝ եկեղեցիներից ու վանքերից վտարելով այլընտրանքային Սինոդի հոգևորականներին և հետևորդներին: ՄԻԵԴ-ը վճռեց, որ սա խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ պետությունը միջամտել է եկեղեցու ներքին կազմակերպմանը և նախապատվություն տվել մի խմբակցությանը մյուսի նկատմամբ:

Ֆերնանդես Մարտինեսը ընդդեմ Իսպանիայի գործը վերաբերում էր քահանայի պայմանագրի չերկարաձգման շուրջ վեճին, ինչը հարցեր էր առաջացրել եկեղեցու ներքին կառավարման վերաբերյալ: ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռեց, որ պետությունը պետք է հարգի կրոնական կազմակերպությունների ներքին որոշումները և չի կարող միջամտել դրանց կառավարմանը: Վճիռը վերահաստատեց այն սկզբունքը, որ կրոնական համայնքները ունեն ինքնավարություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, հատկապես՝ իրենց հոգևորականների նշանակման և կառավարման հարցերում:

Եզրակացություն

Պետություն-եկեղեցի հարաբերությունները, որոնք ձևավորվել են դժվարին պատմական հանգամանքներում՝ ներառյալ Եվրոպայում կրոնական պատերազմների ժառանգությունը, ընկած են ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունների հիմքում։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքը ճանաչում է, որ շատ կրոնական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, գոյություն են ունեցել ժամանակակից պետություններից շատ ավելի առաջ, և որ նրանց ինքնավարության հարգումը, ներառյալ իրենց ներքին կառույցները, նվիրապետությունը և կանոնական հարաբերությունները ինքնուրույն որոշելու ազատությունը, կրոնի կամ համոզմունքի ազատության կենտրոնական բաղադրիչն է: Ժողովրդավարական սահմանադրականության հիմքում ընկած է այն սկզբունքը որով գիծ կամ սահման է քաշվում պետության և քաղաքացիների միջև՝ պաշտպանելով անհատներին և նրանց միավորումները, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունները, պետության կամայական գործողություններից:

Այս ամենը նշանակում է, որ պետությունը՝  որպես մարդու իրավունքների միջազգային և ներպետական իրավունքի պահպանման հիմնական պատասխանատու, պետք է ձեռնպահ մնա կրոնական կյանքին անհարկի միջամտությունից և կատարի իր պոզիտիվ պարտավորությունները՝ ապահովելու կրոնական ազատությունների արդյունավետ իրացումը: 

Իզաբելլա Սարգսյանը կրոնի կամ համոզմունքի ազատության հարեցրով միջազգային փորձագետ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում