Գլխավոր Լրահոս

Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Կառավարությունը հունվարի 22-ին հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով սահմանափակվում է պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը նշեց, որ նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ, որտեղ ամենաբարձր օղակի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, վարչապետի և ֆինանսների նախարարի ազգակիցների ընկերություններին արգելվում է մասնակցել պետական գնման որևէ գործընթացի։

Ըստ այդմ՝ փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված է համարվում այն ընկերությունը, որտեղ նշված անձինք տիրապետում են կանոնադրական կապիտալի կեսից ավելիին կամ իրավունք ունեն կանխորոշելու ընկերության որոշումները։

Զեկույցից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե կարգավորումն ընդունվի, ո՞վ է այն վերահսկելու։ Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց, որ վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Փոխվարչապետը շեշտեց համակարգի թվայնացման անհրաժեշտությունը․ «Այն պետք է աշխատի այնպես, որ հենց հայտավորման փուլում համակարգն ինքնաշխատ կերպով դուրս հանի տվյալ հայտը»։ Ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց, որ փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է իրավաբանական անձը՝ հայտարարելով դրա բացակայության մասին։ Այն դեպքում, երբ մասնակիցը հաղթում է, սակայն հետագայում բացահայտվում են փոխկապակցվածության մասին տվյալներ, պայմանագիրը լուծարվելու է, իսկ գումարի 20 տոկոսը վերադարձվելու է պատվիրատուին։ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ որպեսզի մրցույթը չտապալվի, իսկ հանրային ռեսուրսները չվատնվեն, հարկավոր է ստեղծել շտեմարան, որի ֆիլտրները թույլ չեն տա նման հայտերի հետագա ընթացքը։

Մհեր Գրիգորյանը նաև նշեց, որ հարկավոր է ի սկզբանե կարգավորումներն այնպես իրականացնել, որ օֆշորային ընկերությունները չկարողանան մասնակցել գնումների գործընթացին։

«Այսինքն՝ այն ընկերությունները, որոնց բաժնետերը բացահայտված չէ իր իրավական կարգավիճակով, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Եթե հիմա այդ հարցին չանդրադառնանք, այս կարգավորումը չի աշխատի»,- նշեց Գրիգորյանը։ Ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասաց, որ նախագիծն այս պահին նախատեսում է, որ մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների տվյալները, հակառակ դեպքում չի կարող մասնակցել։

«Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է օֆշորային երկրներից մասնակցությունը սահմանափակել, սա կարող է մի փոքր խնդիր առաջացնել գնումների հետ կապված. սա մի հարց է, որին պետք է ԱԺ-ում անդրադառնալ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ազդեցության մակարդակները

Նախագծով առաջարկվում է սահմանել ազդեցության մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրի համար գործելու են որոշակի սահմանափակումներ․

Ազդեցության 1-ին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին։ Այստեղ պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։

Ազդեցության 2-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։

Ազդեցության 3-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը։

Քննարկումից հետո կառավարությունն ընդունեց նախագիծը, սակայն արձանագրվեց, որ այն հարկավոր է բարելավել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում