Քաղաքացիական անհնազանդություն չի նշանակում խռովություն. Անդրիաս Ղուկասյան

Մարդն, ով բարձրագույն կրթություն է ստանում, չի կարող քաղաքացիական շարժումից հեռու մնալ. նշեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Ես կարծում եմ, որ դասադուլը ճիշտ միջոց է, և դրանով պետք է բուհերը մաքրվեն ՀՀԿ-ական գործիչներից: Անհրաժեշտ է վերընտրել ուսանողական խորհուրդները, և, ինչպես հենց ՀՀԿ-ականներն են ասում, ապաքաղաքականացնել կրթական ոլորտը: Ուսանողները կարող են այդ հարցը լուծել»,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած պայքարը կարող է հասնել հաղթանակի, եթե աշխատեն բոլոր ոլորտներում, պայքարը լինի համակարգային: Ըստ նրա՝ այսօր նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ անհրաժեշտ է բարեփոխել բոլոր ոլորտները, սակայն ցանկանում է ներկայացնել, թե դա տեղի է ունենալու Սահմանադրական ճանապարհով:

«Քաղաքացիական անհնազանդությունն այսօր այն անհրաժեշտ գործողությունն է, որով մարդիկ առանց բռնության, իրավապահ մարմիններին ընդդիմանալու, մաքրում են երկիրը: Այսպիսով ամեն մարդ կարողանում է քանդել այն հատվածը, որ հենց իր դիմաց է»,- ասաց նա: Ղուկասյանը հավաստեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնիսկ ենթարկվելով լուրջ քննադատության, գերադասում է ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները՝ առանց բռնության խնդիրները լուծելու համար: «Մենք այսօր տեսնում ենք, որ բազմաթիվ քաղաքներում, բազմաթիվ ընտրատարածքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հետևաբար՝ այս վայրերում առանց ուժ գործադրելու հնարավոր է հասնել իշխանափոխության՝ ասենք, գյուղապետի փոփոխության,- նշեց նա»:

Ղուկասյանը հիշեցրեց, որ քաղաքացիական անհնազանդություն չի նշանակում խռովություն: Անդրադառնալով Մարտի 1-ի դասերին՝ նա նշեց, որ հիմա արդեն հանրությունը պիտի դասեր քաղի, և թույլ չտա` իր նկատմամբ իրավապահ մարմինները բռնություն կիրառեն:

«Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նպատակը ձեռքբերված հաղթանակի ճանաչումն է,- ասաց նա,- իմ տպավորությունն է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ գնահատում է իր ուժերը: Ենթադրում եմ, որ մինչև ամսի 28-ը այդ` ռեսուրսների գնահատումը կավարտվի: Դրանից հետո արդեն իշխանափոխության միջոցները՝ կոմպրոմիսային թե ոչ, բնականաբար, տակտիկական միջոցներ են»: Ըստ Ղուկասյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն առավել մեղմ քաղաքականությունից քիչ-քիչ գնում է դեպի առավել կոշտ գործողություններ՝ «մկանների ցուցադրում»:

Ղուկասյանի դիտարկմամբ՝ հիմա զուգահեռաբար ընթանում է երկու պրոցես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանրահավաքների ուղղությունը և քաղաքացիական ակտիվիստների պայքարը: «Եվ սա երկար չի կարող տևել, քանի որ իշխանության ձեռքի տակ կա պեչատ, գրիչ, սակայն կգա մի պահ, երբ իրենց հրամանները կատարող չեն ունենա, որովհետև բոլորը արդեն ուրիշ տեղ կլինեն: Այս ուղղությունը հանգիստ կգնա, իսկ այս ճանապարհի վերջին կետը, որ անհնազանդություն է հայտնում, ու դրանից հետո արդեն ոչինչ իշխանությունն անել չի կարող, դա բանակն է: Դա բոլոր ռեժիմների տապալման սցենարն է,- նշեց նա:- Այսօր կա մոբիլիզացիա, և դա պիտի բերի դիրքորոշումների ճշտման: Եվ բոլորը՝ դուք, ես, պիտի ճշտենք մեր դիրքորոշումները: Ըստ այդմ կարող է իրականանալ իշխանափոխություն: Բայց իշխանափոխություն չի նշանակում Սերժին փոխել Րաֆֆիով: Այլ վերականգնել մի վիճակ, որ եթե մենք շրջափակված, պատերազմական վիճակում ենք, ապա այդ վիճակը բոլորի համար է, ոչ թե ինչ-որ մարդիկ հարստանում են այդ հաշվին»:

Ղուկասյանը նշեց, որ հասարակական սեղմվող օղակում իշխանությունն ունի միայն որոշակի ժամանակ՝ որոշում կայացնելու: «Կրիմինալ-օլիգարխիայի համար կա մի օրենք. եթե դու մի տեղ զիջեցիր, զիջում ես ամեն տեղ: Դրա համար մինչև վերջին պահը փորձելու են ցույց տա, որ ամեն ինչ պահում են ձեռքում, տնօրինում են ամեն ինչ»,- ասաց նա:

Լուսանկարը՝ ankakh.am-ի

Մեկնաբանել