Լիտվայի Սեյմի հռչակագիրը ևս մեկ քայլ է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ճանապարհին. Վահան Հովհաննիսյան

Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորներ երեկ՝ փետրվարի 26-ին, հռչակագիր են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի հռչակման միջոցառմանը մասնակցելու համար ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին հրավիրված է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը, ով նույնպես այս հռչակագրի ընդունման ուղղությամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք yerkir.am-ի հեռախոսազրույցը դեռևս Լիտվայում գտվող Վահան Հովհաննեսյանի հետ:

-Պարոն Հովհաննեսյան, Լիտվայի Սեյմում ԼՂՀ-ի հետ բարեկամական խումբ կազմավորելու հռչակագրի ընդունման ժամանակ Դուք գտնվել եք այնտեղ, և, ինչպես տեղեկացանք, բավականին լուրջ աշխատանք եք իրականացրել, որ այդ հռչակագրի ընդունումն իրականություն դառնա: Խնդրում ենք պատմել, թե ինչպե՞ս դա հաջողվեց, և ի՞նչ տպավորություններ ունեք:

-Շատ երկարատև աշխատանքի հետևանք էր այս քայլը: Ինչպես գիտեք, մեր քաղաքական կուրսն է նաև, և մենք արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները համակարգել, և սա, կարծում եմ, մի շարք պետական, ոչ պետական, հասարակական, քաղաքական կառույցների համագործակցության շատ կարևոր արդյունք է: Հրաշալի է աշխատել Լիտվայում ՀՀ նորաստեղծ դեսպանությունը, որն ընդամենը մեկ տարի է, ինչ հիմնադրվել է, շատ լավ է աշխատել անցյալ տարի ստեղծված Հայաստան-Լիտվա քաղաքացիական ֆորումը, որը հասարակական կազմակերպություն է` Լիտվայում բնակվող մի շարք հայ ակտիվիստների կողմից հիմնադրված, և, իհարկե, մենք էլ` ՀՅԴ-ն, մեր լուման ունենք: Եվ, փաստորեն, ես, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին, հրավիրված էի այստեղ, այս միջոցառմանը:

Միջոցառումն իրենից ներկայացնում էր հետևյալը` մենք պլանավորում էինք, որ 5-6 պատգամավորներ այսօր կհռչակեն Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու մասին: Այսպիսի բարեկամության խմբեր բոլոր երկրներն էլ ունեն իրար միջև, բայց ԼՂՀ-ի պրոբլեմն այն է, որ այն դեռևս ամբողջությամբ ճանաչված չէ: Եվրամիության անդամ հանդիսացող երկրի պառլամենտում դա դժվար էր անել, բայց, ինչպես տեսնում ենք, հաջողվեց: Ընդ որում` ոչ թե 6, ինչպես նախապես պլանավորված էր, այլ 9 պատգամավորներ միացան այս նախաձեռնությանը` Լիտվայի պառլամենտի տարբեր ֆրակցիաներից: Հռչակագիրն ինքը շատ ուժեղ է և ասում է, որ ունենալու է ծրագրեր, միջոցառումներ և այլն:

-Մեծ միջոցառում է կազմակերպված եղել Լիտվայում, որի ժամանակ էլ հռչակագիրն ընդունվեց, ի՞նչ բնույթ էր այն կրում, ի՞նչ հարցերի էր ուղղված և ի՞նչ արդյունք տվեց:

-Կոնֆերանսին, որտեղ այդ խմբի հռչակումը տեղի ունեցավ, ելույթ ունեցա նաև ես: Կոնֆերանսը Հասարակական ֆորումի կազմակերպած միջոցառումն էր, որ կայացավ պառլամենտի շենքում` շատ պատկառելի ներկայացուցչությամբ` Լիլտվայի քաղաքական, հասարակական, արվեստի, մշակույթի գործիչներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, անգամ տարբեր քաղաքներից էին եկել Լիտվայում բնակվող հայերը: Ես ունեցա ելույթ, որտեղ ներկայացրեցի մեր վերջին 25 տարվա պատմությունը, որովհետև Լիտվան ու Հայաստանը առաջիններն էին, որ պայքար սկսեցին Սովետական միության ժողովրդավարացման, իսկ այնուհետև նաև Սովետական միությունից անջատվելու համար` 25 տարի առաջ: Եվ սրան էր նվիրված այս միջոցառումը: Այնտեղ ցուցադրվեցին Լիտվայի հասարակության վրա ուղղակի ցնցող տպավորություն թողած ֆիլմեր Ռամիլ Սաֆարովի մասին, թե ինչպես նրան հերոսացրեցին Ադրբեջանում և շարունակում են դա անել, նաև Սումգայիթի մասին: Այս ֆիլմերը պատրաստել էին տեղի օպերատորները և իսկապես բավական տպավորիչ էին: Ես իմ ելույթի մեջ ներկայացրեցի Լիտվա-Հայաստան հարաբերությունների որոշ դրվագներ, բայց ավելի շատ կենտրոնացա, իհարկե, Հայաստանի եվրաինտեգրման պրոբլեմների, ԼՂՀ-ի հարցի կարգավորման ուղիների վրա, նաև` մի շարք այլ պատմական հարցերի: Իմ և Կարեն Միրզոյանի ելույթներն ընդունվեցին շատ ջերմ` ծափահարություններով: Պետք է ասեմ, որ շատ լավ ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, և շատ տպավորիչ ելույթներ ունեցան նաև Լիտվայի մի շարք ներկայացուցիչներ:

-Որպեսզի ավելի պարզ լինի, կպարզաբանե՞ք, թե ինչ կտա այս քայլը` ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի համատեքստում:

-Նախ` ճանաչված, Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում ստեղծվում է բարեկամության խումբ ԼՂՀ-ի հետ` մի երկրի, որը, փաստորեն, ճանաչված չէ: Բայց քայլերը, որ մենք իրականացնում ենք, կհիշեք, թե ինչպես ես ԼՂՀ ուղեկցեցի Ուրուգվայի պատվիրակությանը` պառլամենտի նախագահի գլխավորությամբ, որը պաշտոնական պատվիրակություն էր, բայց միասին գնացինք ԼՂՀ, այնտեղ ունեցանք մի շարք հանդիպումներ, այդ թվում` նաև ԼՂՀ պառլամենտում: Այժմ` այս միջոցառումը… Այսինքն` ԼՂՀ ճանաչումը չի կարող տեղի ունենալ հանկարծակի և ամենաբարձր մակարդակով: Դրա համար քրտնաջան աշխատանք է պահանջվում` քայլ առ քայլ: Սա այդ քայլերից մեկն է, և ես կարծում եմ, որ այն հնարավորություն կտա նախ Լիտվայի պատգամավորներին հրավիրել Արցախ. նրանք այնտեղ իրենց աչքերով կտեսնեն, որ ամբողջ Հարավային Կովկասում ԼՂՀ-ն այսօր ամենադեմոկրատական պետությունն է: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն ինչ-որ թերացումներ` դեմոկրատիայի զարգացման մակարդակում. տեսնում ենք այսօր ինչ է կատարվում Վրաստանում` մեկ օրինակ, տեսնում ենք` ինչ է կատարվում Հայաստանում` սա մեկ այլ օրինակ, տեսնում ենք, որ Ադրբեջանն, ընդհանրապես, միջնադարյան էմիրություն է դարձել` ժառանգական իշխանությամբ, ուր շնչելն անգամ արգելված է, եթե Ալիևների ցեղը դա թույլ չի տվել: Եվ այս ֆոնին շատ ծանր տնտեսական, քաղաքական պայմաններում, շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ժողովրդավարական չափանիշներով բավական բարձր մակարդակ է զբաղեցնում: Եվ երրորդ հիմնական առանցքն էլ այն էր, որ եթե մենք փորձում ենք չափել ու չափանիշներ ստեղծել ժողովրդավարությունը ճանաչելու, չափելու համար, այդ չափանիշները պետք է հավասար լիենեն բոլորի համար: Այսինքն` չի կարելի տարբեր երկրների նվաճումներ չափել մեկը սանտիմետրանոց քանոնով, մյուսը` դյույմանոց քանոնով, դա ճիշտ չէ: Ու եթե համեմատում ենք Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը այսօրվա ժողովրդավարության, մարդկային զարգացման չափանիշներով, պարզ է դառնում, որ ամեն ինչ փողով չի չափվում` ԼՂՀ-ն տասը գլուխ բարձր է: Եվ Սումգայիթի մասին ֆիլմի ցուցադրումից հետո բոլորին պարզ դարձավ, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի պես երկրում ուղղակի չի կարող գոյատևել: Եվ այս առումով կոնֆերանսը շատ մեծ նշանակություն ուներ, բայց առջևում դեռ երկար աշխատանք կա:

– Իսկ ինչպիսին և հատկապես` ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, պարոն Հովհաննիսյան:

– Եթե նկատել եք, այն, ինչ արեցինք այսօր, մենք դրա մասին նախապես ոչինչ չէինք հրապարակում` ո՛չ դեսպանությունը, ո՛չ մենք: Որովհետև, երբ ինչ-որ բաների մասին նախապես ենք խոսում, Ադրբեջանն իր «խավիարային դիվանագիտության» ջանքերը միացնում է, որպեսզի դրանք խանգարի: Ուրեմն ավելի լավ է` հետագա ծրագրերի մասին այժմ չխոսենք. մենք կանենք, և դուք կտեսնեք հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ երեկ Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորների մի խումբ հռչակագիր է ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: «Հաշվի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախյան շարժման 25-ամյակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, իսկ Լիտվան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը և հանդես եկավ խնդրի խաղաղ լուծման օգտին.

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախության համար մղվող պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական արժեքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հավատարիմ մնալ մինչ օրս.

Կիսելով համաեվրոպական տարածքի դիրքորոշումը, ըստ որի` դրա յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի առանց խոչընդոտի օգտվելու հիմնական իրավունքներից ու հիմնարար ազատություններից.

Հաշվի առնելով այն, որ միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը ֆիզիկական անվտանգության ապահովման ու ժողովուրդների ժողովրդավարական զարգացման միակ երաշխիքն է.

Նշելով Արցախի զգալի ջանքերը ազատ ու ժողովրդավար հասարակության ստեղծման ուղղությամբ` լեգիտիմ ընտրությունների անցկացման եւ պատասխանատու ու արդյունավետ կառավարություն ստեղծելու ճանապարհով.

Կարևոր համարելով Արցախի ներգրավումը միջազգային հանրության մեջ առկա խնդիրների լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար.

Մենք` Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորներս, հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»,- նշված է հռչակագրում:

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից

Մեկնաբանել