Կառավարությունն աջակցելու է Թեղուտին

Փետրվարի 28-ի կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է 3 տարով հարկային արտոնություն տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությանը։

Որոշման նախագծի համաձայն՝ «Թեղուտ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներմուծվող ?300 մլն-ը գերազանցող արժեքով ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը սահմանվում է մինչև 2016թ. մարտի 1-ը։

ԱԱՀ-ի վճարման հետաձգումը տարածվելու է Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվող ընդհանուր առմամբ ?2,66 մլրդ արժեքով ապրանքների և սարքավորումների վրա։ Այս արժեքով ապրանքների ներկրման ժամանակ ընկերությունը մաքսային մարմիններին միանգամից պետք է վճարեր ?532 մլն-ի ԱԱՀ։ Ներկրվող սարքավորումները պետք է օգտագործվեն հանքաքարի հարստացման և խտանյութերի արտադրության ֆաբրիկայի կառուցման ժամանակ։

2008թ. հայտարարվում էր, որ ֆաբրիկայի գործարկումը տեղի կունենա 4 տարի անց, այսինքն՝ 2012թ.։ 2007թ., երբ կառավարությունը «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությանը տալիս էր հանքի շահագործման թույլատրություն, վարչապետ Սերժ Սարգսյանը նշում էր, թե հանքավայրի շահագործման արդյունքում ՀՆԱ-ն ավելանալու է 1-1,5%-ով, իսկ արտահանման ծավալները՝ մինչև 15%։

«Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենախոշոր հանքավայրը: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի շահագործում, հանքաքարի հարստացում և խտանյութերի արտադրություն»,– նշված է էկոնոմիկայի նախարարության ներկայացված որոշման նախագծի հիմնավորումում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման և պղնձի ու մոլիբդենի խտանյութերի արտադրության սկիզբը ներդրումային ծրագրով նախատեսվում է 2015թ.: Ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութերի արտադրության ֆաբրիկայում նախատեսվում է տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում, որտեղ պղնձի խտանյութի արտադրության տարեկան միջին ծավալը կկազմի մոտ 54 հազ. չոր մետրիկ տոննա՝ շուրջ 31% պղնձի պարունակությամբ, մոլիբդենի խտանյութինը՝ մոտ 1 հազ. չմտ՝ շուրջ 50% մոլիբդենի պարունակությամբ։ 25 տարվա ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա պղինձ-մոլիբդենային հանքաքար (պղնձի պարունակությունը՝ 0,355%, մոլիբդենինը՝ 0,0215%):

Նախագծի առաջին փուլի իրականացման ժամկետը կկազմի 28 տարի: Նախագծի իրագործման համար ընդհանուր ներդրումները գնահատվում են մոտ $338,6 մլն, որից մոտ $132 մլն կկազմեն ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսերը։

Կոմբինատի արդյունաբերական օբյեկտների շինարարության և հանքավայրի վերջնական շահագործման համար անհրաժեշտ տարածքը կազմելու է մոտ 670 հա, որից անտառածածկ է 510 հա-ն: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, 240 հա ընդհանուր մակերեսով։ Շահագործման առաջին 8 տարիներին անհրաժեշտ կլինի օգտագործել մոտ 280 հա տարածք, որից անտառածածկ՝ 190 հա-ն: Տարեկան 7 մլն տ արտադրողականության դեպքում թափոնակույտեր է տեղափոխվելու 4,65 մլն խմ դատարկ ապար: Հանքահարստացման գործընթացում խտանյութի ընդհանուր ելքը (պղնձի և մոլիբդենի) կազմելու է 1,25%, մնացած 98,75%-ը պոչանյութերն են, որոնք պահեստավորվելու են պոչամբարում:

Պոչային տնտեսությունը նախատեսվում է տեղադրել ֆաբրիկայից 3,5 կմ հեռավորության վրա Խառատանոց գետի կիրճում, որի մակերեսը մոտ 110 հա է: Պոչամբարի ընդհանուր ծավալը 174 մլն խմ է, որը տարեկան 7 մլն տ արտադրողականության դեպքում ֆաբրիկայի աշխատանքների համար կծառայի մոտ 28 տարի: Պոչամբարի վերջնական մակերեսը կկազմի 214 հա։

«Թեղուտ» ընկերությանը պարտավորվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա) ծառատունկ իրականացնել, երաշխավորել ծառերի խնամքը մինչև անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը։ Ընկերությունն արդեն իրականացրել է անտառահատում 129 հա մակերեսով տարածքում, մյուս կողմից՝ ծառատունկ է իրականացվել 300 հա տարածքի վրա։