Ավտոշուկան հույս է ներշնչել

2013թ. եվրոպական ավտոկոնցեռնները տարածաշրջանում վաճառքների զգալի աճ են կանախատեսել՝ դրանց ներկայիս անկման ֆոնին, վկայում են 300 ընկերությունների շրջանում PricewaterhouseCoopers (PwC) միջազգային աուդիտորական ընկերության իրականացրած հարցման արդյունքները։

Ընկերությունների մեծ մասը՝ 75-ը, ներկայացնում է Գերմանիան, որը Եվրոպայի ավտոմոբիլային խոշորագույն շուկան է: 60 ընկերություններ ֆրանսիական են: Հարցմանը մասնակցել են ընկերություններ նաև Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից:

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ ամենավատթար վիճակում Իտալիայի ավտոշուկան է, որտեղ, 2012թ., Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի տվյալներով, վաճառքները նվազել են 20%-ով: Ամենալավ վիճակում, հարցվածների կարծիքով, Գերմանիայի ավտոշուկան է, որտեղ վաճառքները 2012թ. նվազել են ընդամենը 3%-ով:

Ուսումնասիրության համաձայն՝ բիզնեսի վիճակից ամենից շատ գոհ են արևելաեվրոպական արտադրողները, և հարցվածների մեծ մասն այս տարածաշրջանում իրադրությունը բավական լավ է գնահատել:

Ընկերության փորձագետների կանխատեսմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում կաճեն «բյուջետային սեգմենտի», մինչև €15 հազ. արժողությամբ ավտոմեքենաների վաճառքի ծավալները։ Վաճառքների ամենացածր աճը կարձանագրեն €15-30 հազ. արժեցող ավտոմեքենաները։

Արևմտաեվրոպական արտադրողները բիզնեսի հեռանկարները նույնպես դրական են գնահատել։ Այսպես՝ հարցվածների 70%-ի կարծիքով՝ Արևմտյան Եվրոպայի ավտոշուկայում իրադրությունը կբարելավվի առաջիկա վեց ամսում: Եվրոպայում արտադրական հզորությունների կրճատում կանխատեսում են հարցմանը մասնակցած ընկերությունների 15%-ը, աշխարհում՝ 11%-ը:

Ուսումնասիրության համաձայն՝ եվրոպական ընկերությունները մտադիր են ավելացնել արտադրության արդյունավետությունը: Արտադրողները մտադիր են առավել ճկուն ժամանակացույց սահմանել, ինչպես նաև ներգրավել առավել մեծ թվով արտաքին մատակարարների։ Շուկայի մասնակիցներից ամենից արդյունավետը, ըստ նորարարությունների և արտադրանքի որակի ցուցանիշի, գերմանական, ճապոնական և հարավկորեական ընկերություններն են: