Սենատը Չակ Հեյգելին հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հանրապետական նախկին սենատոր Չակ Հեյգելին հաստատել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածության հաստատմանը կողմ է քվեարկել 58 սենատոր, դեմ՝ 41-ը, հաղորդում է AP-ն։

Հանրապետականների շրջանում Չակ Հեյգելի թեկնածությանը կողմ է արտահայտվել միայն չորս օրենսդիր։ Նրա կուսակցիների զգալի մասի դժգոհությունն են առաջացրել Հեյգելի որոշ ոչ զգուշավոր արտահայտությունները Իսրայելի վերաբերյալ, ինչպես նաև հանրապետականի համար բավական մեղմ, ինչպես նրանք են կարծում, վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեյգելը կփոխարինի Լեոն Պանետային։

Չակ Հեյգելը ծնվել է 1946թ․ հոկտեմբերի 4-ին Նեբրասկա նահանգի Նորտ Պլատ քաղաքում։ Նա մասնակցել է Վիետնամական պատերազմին, պարգևատրվել է «Ալ կարմիր սիրտ» շքանշանով, որը շնորհվում է նրանց, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ընթացքում։ 1984թ․ հիմնել է բջջային կապի Vanguard օպերատորը և դարձել է մուլտի միլիոնատեր։

1997-2009 թթ․ եղել է սենատոր հայրենի Նեբրասկա նահանգից և դարձել Սենատում քառորդ դարում Նեբրասկան ներկայացրած առաջին հանրապետականը։ 2008թ․ վերջին Հեյգելը հավակնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին, սակայն դիրքերը զիջեց Հիլարի Քլինթոնին։