Գևորգ Թոսունյան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արձագանքել է Երևանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ իրականացնող իրանցի ցուցարարների հետ տարվող գործողությունների վերաբերյալ ՍիվիլՆեթի հարցմանը։ Կառույցից հայտնում են, որ ծառայությունն իրականացրել է «հարցումային աշխատանքներ»։
Ավելի վաղ OC media-ն գրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննության կամ զրույցի են հրավիրել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ իրականացնող իրանցի ցուցարարներին։ Ըստ հրապարակումների՝ ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են ակցիաների դրդապատճառներով և կազմակերպիչների ինքնությամբ։ Ցուցարարները նաև նշել էին, որ իշխանությունները հորդորել են դադարեցնել բողոքի գործողությունները։
ԱԱԾ-ն պարզաբանել է, որ հարցաքննությունը քննչական գործողություն է, որն իրականացվում է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով։ Մյուս կողմից էլ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ 2024-ի հունվարի 1-ից ծառայությունն այլևս նախաքննություն չի իրականացնում, հետևաբար հարցաքննություն տեղի չի ունեցել։
Ըստ պաշտոնական պատասխանի՝ իրանցի ցուցարարների հետ հանդիպումներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված հակահետախուզական և հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների շրջանակում։
«Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված հակահետախուզական և հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված կարգավորումների համաձայն»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանում։
Հունվարին Իրանում սկսվեցին բողոքի ցույցեր։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Ցույցեր եղան նաև Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, որից հետո հունվարի 14-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին անհանգստություն հայտնեց։ Նա նաև ասել էր, թե ցուցարարների հաջողության դեպքում պարտվողներից մեկը լինելու է Հայաստանը։
Դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանում ընկալում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի հանդեպ «թշնամաբար» տրամադրված ուժերի հանգույց։ Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանում 2018-ից ի վեր որևէ հավաք չի արգելվել, և երկիրը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին։ Նա նաև շեշտել էր, որ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա:
«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից», - նշել էր Փաշինյանը:
Դիտեք նաև՝
Civilnet











