«Ժառանգությունը» կդիմի Վարչական դատարան

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր կդիմի Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք համաձայն չեն ԿԸՀ որոշման հետ:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռ չի քննարկվել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի զբաղվածության և մարզային այցերի պատճառով:

Անդրադառնալով հեղափոխության միջոցներին` Մարտիրոսյանը նշեց, որ ներկայում հանրահավաքներից բացի` օգտագործվում է նաև իշխանության հետ երկխոսության մեթոդը:

«Հանրահավաքները նպաստելու են, որ իշխանությունները ավելի վաղ հասկանան, ընդունեն իրավիճակը: Բայց ցանկացած դեպքում պայքարի միջոցները շատ լայն են` ամեն ինչ հնարավոր է կիրառվի: Մեր պայքարը «Բարևի» հեղափոխության շրջանակում է, և այն բարի, ոչ ագրեսիվ պայքար է»,- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը` նշելով, որ ցանկացած պայքար օրինական է, քանի որ կա ժողովրդի քվե:

Մարտիրոսյանի խոսքով` իշխանափոխությունն իրականացվելու է հետևյալ կերպ. իշխանությունն ընդունելու է իր պարտությունը, և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ դառնալուց հետո Ընտրական օրենսգրքում կատարվելու են փոփոխություններ, անցկացվելու են խորհրդարանական նոր ընտրություններ և ստեղծվելու է կոալիցիա, որտեղ ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի կազմելու:

Նա ողջունեց նաև այս օրերին մի շարք ուսանողների կողմից կազմակերպվող դասադուլը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ձևավորվում է նոր ընդդիմություն՝ Մարտիրոսյանը նշեց, որ նոր ընդդիմություն պետք է ձևավորվի ներկա իշխանությունների շրջանակում:

Մեկնաբանել