Գլխավոր Լրահոս

Քոչարյանի ասուլիսը՝ «ԱրմենՏել»-ից մինչև ՀՕՊ համակարգեր

Քոչարյանի ասուլիսը՝ «ԱրմենՏել»-ից մինչև ՀՕՊ համակարգեր

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի մամուլի ասուլիսին մի շարք պնդումներ արեց «ԱրմենՏել» ընկերության վաճառքի և հակաօդային պաշտպանության համակարգը «Սու» կործանիչներով փոխարինելու և այլ հարցերի վերաբերյալ։ Նա նաև օրինակներ բերեց Ֆինլանդիայի վարչապետի՝ թմրամիջոցներ օգտագործելու հետ կապված քննադատությունից հետո ներկայացրած հրաժարականի և վրացի լրագրողի` Ռուսաստանի նախագահին հայհոյելու պատճառով ռուս-վրացական հարաբերությունների սրման մասին։

#CivilNetCheck-ը գնացել է Քոչարյանի պնդումների հետքերով։

«ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումը և բաժնետերերի փոփոխությունը

Լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ զղջում հանրային սեփականություն հանդիսացող գույքը՝ «ԱրմենՏել» ընկերությունը, «Անի» և «Արմենիա» հյուրանոցները օտարերկրացիներին վաճառելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է ամերիկյան «Մերի լինչ» ընկերության միջոցով։ Անդրադառնալով «ԱրմենՏել»-ին՝ Քոչարյանը նշեց. ««ԱրմենՏել»-ն արդեն հունական էր, ուղղակի մենք ունեինք մի բաժնեմաս և այդ բաժնեմասն ենք վաճառել»։ 

1994-ին «Միջքաղաքային հեռախոսային ցանց» ձեռնարկության բազայի վրա ստեղծվել է «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը և հայ-ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը: Կար նաև Երևանի ցանցը, որն առանձին ձեռնարկություն էր: «ԱրմենՏելի» 51 տոկոսի բաժնետերը կառավարությունն էր, 49 տոկոսինը՝ Trans World Telecom Limited (TWT) օֆշորում գրանցված ամերիկյան ընկերությունը: Կառավարության որոշումներով 1997-ի օգոստոսին լուծարվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը և միացվեց «ԱրմենՏելին»: «ԱրմենՏելին» միացվեց նաև Երևանի հեռախոսային ցանցը: 

Սեփականաշնորհման մասին օրենքով 1996-1997-ի ծրագրով Ազգային ժողովը որոշեց կառավարության 51 տոկոս բաժնեմասը «Մերի լինչ» կազմակերպության միջոցով հանել միջազգային աճուրդի։ 

Los Angeles Times-ի 1999-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ նախորդ տարի՝ 1998-ին, Trans World-ը իր 49 տոկոս բաժնեմասը վաճառել է հունական OTE (Hellenic Telecommunications Organization) ընկերությանը։

Կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը դեռ 1999-ին «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ընդունած օրենքով պետք է վաճառվեր պետական բաժնեմասն ամբողջությամբ, սակայն կառավարությունը վաճառել է 51 տոկոս բաժնեմասի 41 տոկոսը՝ պահելով 10 տոկոսը։

«Սա արվել է գնորդ կողմի խնդրանքով, որովհետեւ OTE-ն ուզում էր, որ կառավարությունը հանդես գա որպես գործընկեր»,- ասել էր Պողպատյանը։

Էկրանապատկերը՝ «Առավոտի»-ի 1999-ի հոդվածից

ՀՕՊ-ի՝ Սու-30-երով փոխարինելու մասին հակասական պնդումներ

Քոչարյանը, անդրադառնալով զինված ուժերի սպառազինության դիվերսիֆիկացմանը, նշեց, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) այն միջոցները, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցել են ուկրաինական պատերազմում, առկա են եղել նաև Հայաստանի զինանոցում:

Սակայն, ըստ երկրորդ նախագահի, նախապես պատվիրված ՀՕՊ համակարգերը փոխարինվել են «Սու-30» կործանիչներով, որոնք «անգամ մեկ մարտական թռիչք չեն կատարել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում հերքել էր ՀՕՊ միջոցների պատվերը չեղարկելու մասին պնդումները։ Նա հայտարարել է, որ սպառազինության ձեռքբերման պլանով նախատեսված «Տոր» համակարգերը և «Օսա-ԱԿ» համակարգեր ձեռք բերվել են։

«Ես գիտեմ, որ չի փոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի (պլանը` խմբ.)…։ Ես համենայնդեպս նաև գրավոր այդ մասին տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այլ բան, որ բացի նշվածից, այլ ձեռքբերումներ էլ են եղել»,- ասել էր Փաշինյանը։

Ավելի վաղ՝ 2023-ի մարտին, սպառազինության պլանի այս փոփոխության մասին հայտնել էր նաև Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Սակայն ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Մամիջանյանը չեն հրապարակել ապացույցներ, իսկ բաց աղբյուրներով այս տեղեկությունը ստուգել հնարավոր չէ։

Տես նաև՝ Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով

Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութեր օգտագործելու համար քննադատությունից հետո հրաժարական չի տվել

Ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավո՞ր է նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանին տեսնել «ոչ ստանդարտ» իրավիճակներում, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, որը թմբուկ է նվագում կամ երգեր հեղինակում: Քոչարյանը նշեց, որ հասկանում է՝ «սոցցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ լուծումների գնալ»։ Այնուհետև նա բերեց Ֆինլանդիայի նախկին վարչապետի օրինակը. «Ֆինլանդիայում մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել։ Տժժում էր, տժժում, հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում, հետո գործից հրաժարական տվեց»:

2022-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը մասնակցում էր խնջույքի։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա թմրանյութեր է օգտագործել։ Մարինը թմրանյութերի թեստ հանձնեց, որի արդյունքը բացասական էր։

Այդուհանդերձ, Մարիի կուսակցությունը պարտվեց 2023-ի ընտրություններում, ձևավորվեց նոր կառավարություն։

Ֆինլանդիայի նախկին վարչապետ  Սաննա Մարին, Photo: Reuters

ՌԴ-ի հետ Վրաստանի առևտրաշրջանառությունը և թռիչքները չեն դադարել վրացի լրագրողի՝ Պուտինին հայհոյելուց հետանքով

Ռոբերտ Քոչարյանը հիբրիդային պատերազմների մասին խոսելով՝ անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Նա բերեց Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունյայի օրինակը, որը հեռուստատեսությամբ հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ Քոչարյանի՝ այս դեպքից հետո Ռուսաստանը կանգնեցրել էր Վրաստանի հետ առևտուրը, չեղարկել թռիչքները։

«Դուք չե՞ք հիշում՝ ինչ է եղել դրանից հետո։ Հիշեցնեմ. անմիջապես կանգնեցրին ամբողջ առևտուրը, բոլոր թռիչքները չեղարկեցին։ [...] Հսկայական կորուստներ ունեցավ Վրաստանի ամբողջ բիզնեսը»,- ասաց Քոչարյանը։

Վրացի լրագրող Գեորգի Գաբունյան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման ժամանակ 2019-ի հուլիսի 7-ին  հայհոյել էր Վլադիմիր Պուտինին։

Դրանից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը  ներողություն խնդրեց Գաբունյայի վարքագծի համար՝ նշելով, որ հաղորդավարը խախտել է հեռուստաալիքի էթիկական չափանիշները և խմբագրական քաղաքականությունը։ Իսկ հեռուստաընկերության նոր ղեկավարությունը նրան ազատեց աշխատանքից։

Լրագրողի արարքը քննադատել էին նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Իսկ ՌԴ Պետդումայի պատգամավորները առաջարկել էին պատժամիջոցներ սահմանել վրացի լրագրողի պահվածքից հետո, սակայն նախագահ Պուտինը դեմ էր արտահայտվել պատժամիջոցներին։

Ինչ վերաբերում է թռիչքների չեղարկմանը, ապա դրանք դադարեցվել էին ոչ թե այս դեպքի, այլ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների՝ Վրաստան այցելությունից հետո։ Հունիսի վերջին Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանում ռուսերենով ելույթ ունենալուց հետո։ Ռուսաստանը արգելեց ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Կրեմլը հայտարարեց, որ արգելքը կվերացվի, երբ Վրաստանում իրավիճակը վերադառնա «ոչ ռուսատյաց» վիճակի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում