Թուրքիայի մտահոգությունը Մեծամորը չէ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, հետևաբար Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի դրա աշխատանքները: Յըլդըզը նշել է, որ այդ ատոմակայանը գործում է ավելի քան քառասուն տարի, և առաջիկայում ևս տասը տարի պետք է աշխատի՝ համաձայն Հայաստանի կառավարության որոշման:
Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքերը մտահոգվում են Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդրով: Մտահոգությունը անկեղծ կլիներ, և դրան կարելի էր հավատալ, եթե Թուրքիան նման մտահոգություններով հանդես չգար պարբերաբար:

Մեծամորի ատոմակայանը փակվեց 1989թ.՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, քանի որ Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի իշխանությունները մտահոգված էին, որ նոր երկրաշարժերի դեպքում ատոմակայանը կարող է աղետ հասցնել Հայաստանին և ողջ տարածաշրջանին: Այդ օրերին դեռ թարմ էր Չեռնոբիլի հիշողությունը:

Թուրքիան պիտի լավ իմանա, թե ինչու փակված ատոմակայանը կրկին շահագործվեց: Որովհետև Թուրքիան և Ադրբեջանը շրջափակման մեջ էին պահում և այսօր էլ շարունակում են նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին այլ ելք չի մնում, քան իր էներգետիկ անվտանգությունը ապահովել Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման հաշվին:

1995թ. հոկտեմբերի 27-ին պաշտոնապես վերաբացվեց, իսկ նոյեմբերի 5-ին էլեկտրաէներգիայի առաջին կիլովատտ ժամը տվեց Մեծամորի ատոմակայանի վերանորոգված երկրորդ էներգաբլոկը: Թուրքիան Հայաստանին հորդորեց չգործարկել ՀԱԷԿ-ը և թուրք մասնագետներին թույլ տալ քննության ենթարկել այն՝ պատճառաբանելով, թե ատոմակայանը կառուցվել է խորհրդային շրջանում, հետևաբար «հուսալիությունը վիճելի է»:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունն արձագանքեց՝ հիշեցնելով, որ Թուրքիան միշտ դեմ է եղել ՀԱԷԿ-ի վերագործարկմանը: Ավելին՝ Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, իսկ վերջինիս մասնագետների ու փորձագետների բազում այցելությունների արդյունքում ձևավորված եզրակացությունն այն է, որ ՀԱԷԿ-ն ավելի անվտանգ է, քան այլ երկրներում գործող նմանատիպ շատ կայաններ: Այսինքն՝ Թուրքիան վիճարկում է ՄԱԳԱՏԷ-ի եզրակացությունը, որի անդամ է ինքը:

Այն ժամանակ Ժիրայր Լիպարիտյանը, ի պատասխան թուրքական անհիմն պնդումների, հայտարարեց. «Ատոմակայանի վերագործարկումը Հայաստանին դարձնելու է է՛լ ավելի անկախ: Հենց դա էլ մտահոգում է Ադրբեջանին և Թուրքիային: Ատոմակայանի վերագործարկումը շրջափակումը թուլացնելու լավագույն միջոցառումներից մեկն է»:

Ամիսներ անց՝ 1996թ., Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազը խոստացավ Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել, եթե Հայաստանը փակի Մեծամորի ատոմակայանը:

Հայաստանն ու հայ ժողովուրդը, որոնք արժանապատվորեն մի քանի տառապալից ու անլույս ձմեռներ էին հաղթահարել, այլևս նման խոստումների կարիքը չունեին: Մանավանդ որ երբ ատոմակայանը փակ էր, Թուրքիան 1993թ. ձմռանը ոչ միայն եվրոպական մի քանի երկրների խոստացած էլեկտրաէներգիան չմատակարարեց Հայաստանին, այլև դադարեցրեց եվրոպական հացի մատակարարումն ու կողպեց սահմանները:

Շուտով կլրանա Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման 20-րդ տարին:

Մեկնաբանել