Site icon CIVILNET

Հյուսիսը փոխել են հարավի

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքում նոր դոնորի մասնակցությունը հնարավորություն է տալիս Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցների մի մասը հյուսիսային ուղղությունից վերուղղել հարավայինի։ Բացի այդ՝ նոր դոնորի ի հայտ գալը վկայում է, որ կառավարությունը ցանկանում է $962 մլն բյուջեով ծրագիրն ամբողջությամբ իրականացնել վարկային միջոցների հաշվին՝ խուսափելով ուղղակի ֆինանսական մասնակցությունից։

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի «Տրանշ-3»-ով իրականացվելիք շինաշխատանքներում ունենալ 50%-ի համաֆինանսավորում։ Բանկի կողմից ծրագրին մասնակցելու մասին մարտի 19-ին ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ նախարարի՝ այժմ անհրաժեշտ է ԱԶԲ համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և «Տրանշ-3»-ով շինաշխատանքների մրցույթ հայտարարելու համար։ «Չափազանց կարևոր է, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները «Տրանշ-3»-ում և «Տրանշ-4»-ում չլինեն»,– ասել է նախարարը։

«Տրանշ-3»-ով նախատեսվում է վերակառուցել Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածը, որի համար Ասիական զարգացման բանկը հատկացնելու է $180 մլն, կառավարության համաֆինանսավորումը կազմելու է $41,5 մլն։ Եվրոպական ներդրումային բանկի 50% մասնակցությունը նշանակում է, որ այն հատկացնելու է $90 մլն, որի արդյունքում նույնքան գումար ազատվելու է ԱԶԲ միջոցներից։ Եթե հաշվի առնենք, որ «Տրանշ-4»-ով՝ Գյումրի-Բավրա մաքսային անցակետ ճանապարհահատվածի վերակառուցման համար ԱԶԲ-ն պետք է հատկացնի կրկին $90 մլն, ապա առաջանում է «ավելցուկային» $90 մլն-ը ծախսելու խնդիր։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ միջոցներն ԱԶԲ-ն պատրաստում է ուղղել հարավային ուղղությամբ ճանապարհահատվածներից մեկի շինաշխատանքների ֆինանսավորմանը, և ներկայում քննարկում է այդ հնարավորությունը։

«Հյուսիս-Հարավում» նոր դոնորի հայտնվելը բարձրացնում է այս ծրագրի ներդրումային գրավչությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նախագիծն ըստ էության դառնում է ամբողջովին վարկային։ Պարզ ասած՝ «Հյուսիս-Հարավ» 556 կմ երկարությամբ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը ամբողջովին կառուցվելու է վարկային միջոցներով՝ ավելացնելով պետական պարտքը։

2009թ., երբ հաստատվում էր $962 մլն բյուջեով այս ծրագիրը, վարկային էր լինելու միայն $500 մլն-ը՝ ԱԶԲ միջոցներից։ Մնացած $462 մլն-ը համաֆինանսավորելու էր կառավարությունը, որից $177 մլն-ը՝ հարկերի և $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման տեսքով։
Ստացվում է, որ կառավարության ուղղակի ֆինանսավորման հնարավորությունները ներկայում սուղ են, և գործադիրը դիմում է նոր վարկային միջոցների ներգրավման։ Ընդ որում՝ պարզ չեն նոր վարկային միջոցների տրամադրման պայմանները (ԱԶԲ վարկային միջոցները հատկացվել են 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետ. արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։

Ի դեպ՝ մարտի 12-ին ԱԶԲ-ն ի վերջո հաստատել է «Տրանշ-3»-ով վարկային միջոցների հատկացումը։ Առաջիկա օրերին հայկական կողմի հետ նախատեսվում է համապատասխան փաստաթղթի ստորագրում։ Վարկային այս տրանշի հատկացումը պետք է կայանար դեռ անցած տարվա վերջին։ Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի ծրագրերի կառավարումը գնահատող նիստը (Management Review Meeting), որում քննարկվել է ծրագրի «Տրանշ-3»-ով միջոցների հատկացման հարցը։ Վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել, քանի որ բանկը հայկական կողմի հետ տարաձայնություններ է ունեցել։ Խնդիրն այն էր, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով նախատեսված աշխատանքների արժեքը ծրագրվածից ավելի էր մոտ $10 մլն-ով, և բանկում ցանկանում էին, որ հայկական կողմը այն ֆինանսավորի սեփական միջոցներից։ Հայկական կողմում փորձում էին ճեղքվածքը փակել «Տրանշ-3»-ով հատկացվելիք վարկային միջոցների հաշվին։

Exit mobile version