Site icon CIVILNET

Աճ՝ շինարարության հույսին

Կառավարությունը 2013թ. համար նախանշված տնտեսական աճի ցուցանիշը (բյուջեի հիմքում դրված է 6,2%) ապահովելու հարցում հույսը դրել է շինարարության վրա։ 2009թ. գործադիրը մեկ անգամ արդեն փորձել է փրկել շինոլորտը՝ կառուցապատողներին տրամադրելով պետական երաշխիքներ (արձանագրվեց 37,4% անկում)։

Մարտի 21-ի կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշներին, ուշագրավ հայտարարություններ է արել։ «Մենք տեսնում ենք, որ բավական բարձր ցուցանիշներով ենք սկսել 2013թ.։ Գնահատում ենք տնտեսական աճի ցուցանիշը, բայց երբ ծանոթանում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռևս կան խնդիրներ»,– ասել է վարչապետը՝ հավելելով, թե մտահոգիչ է շինարարության ցուցանիշը։ Չնայած 2012թ. ոլորտում կասեցվել է անկման միտումը, և արձանագրվել է 0,5% աճ, այս հունվար-փետրվարին գրանցվել է շուրջ 8% անկում։

Վարչապետը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարել է քաղաքաշինության ու ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի հետ համատեղ խորհրդակցություն կազմակերպել, հրավիրել ոլորտի բոլոր ակտիվ մասնակիցներին և բացահայտել, թե պետությունն ինչպես կարող է օժանդակել շինարարությունում «աճի նորմալ, բնականոն ծավալների» ապահովմանը։

Այս տարվա բյուջեի ուղերձում շինոլորտում 3,5% աճ է կանխատեսվել «ավելի արտադրողական ներդրումների» հաշվին։ Ստացվում է՝ բյուջեի նախագիծը կազմելիս 2012թ. վերջին կառավարությունը պետական ծրագրերով ոլորտին աճ հաղորդելու տարբերակը չի դիտարկել, և ներկայում այսպիսի հնարավորության բարձրաձայնումը զուտ իրավիճակային որոշում է։

Նախորդ փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերի արդյունավետությունը բավական ցածր է։ 2009թ. ճգնաժամային պայմաններում ոլորտում անկման տեմպը մեղմելու նպատակով կառավարությունը որոշում ընդունեց բյուջետային երաշխիքներ տրամադրել կառուցապատողներին։ Հնարավորությունն օգտագործեց ընդամենը վեց կառուցապատող՝ ստանալով Դ3,5 մլրդ-ի վարկային միջոցների երաշխիք։ Գումարը կաթիլ էր ծովում. շինարարության ծավալը 2009թ. Դ579 մլրդ էր։

Շինարարության ոլորտում պետական ծրագրերի իրականացման հնարավորությունը է՛լ ավելի ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարի նախատեսված է լայնածավալ շինաշխատանքների իրականացում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով։ Երկու այս տրանշների ընդհանուր արժեքը $250 մլն է, միջոցներից մի մասը ծախսվելու է այս տարի։
Եթե հաշվի առնենք նաև շինարարության ոլորտի կառուցվածքը՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների, ապա նույնիսկ պետական ծրագրի իրականացման դեպքում ոլորտում աճ ապահովելը բավական բարդ կլինի։

Անցած տարի շինարարության 49,2%-ն իրականացվել է կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին, 20,6%-ը՝ բնակչության, 15,7%-ը՝ պետբյուջեի, այն դեպքում, երբ նախաճգնաժամային 2008թ. շինարարության 79,2%-ն էր իրականացվում բնակչության միջոցներով, 12,7%-ը՝ կազմակերպությունների, 7,4%-ը՝ պետբյուջեի։ Թեև կառավարության մասնաբաժինը շինարարությունում կրկնապատկվել է, գումարային արտահայտությամբ փոփոխությունն աննշան է։ 2008թ. պետբյուջեի հաշվին իրականացվել է Դ62 մլրդ-ի շինարարություն, 2012թ.՝ Դ71,4 մլրդ-ի։

Ակնհայտ է, որ շինարարության ոլորտում աճի վերականգնումն առաջին հերթին պայմանավորված է բնակչության եկամուտների ավելացումով, ինչպես նաև կազմակերպությունների կողմից կապիտալ ներդրումներով։

Exit mobile version