Site icon CIVILNET

Երևանի ընտրություններում հակաիշխանական չորս ուժերը կապահովեն 50+1 տոկոս. Ա. Մանուկյան

Երևանի ընտրություններում 220 հազ. ձայն (50+1 տոկոս) հավաքելն ընդդիմության համար խնդիր չէ: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսօր` մարտի 22-ին, այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այդ հաղթանակը գրանցելու համար անհրաժեշտ է, որ ընտրություններին մասնակից չորս հակաիշխանական ուժերը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, համախմբվեն և համատեղ գործեն:

«Ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքները հնարավոր կլինի կանխել: 550 տեղամաս կա, որտեղ չորս քաղաքական ուժերով կարող ենք ունենալ 220 հանձնաժողովի նախագահ և քարտուղար, ինչը հրաշալի հնարավորություն է իրավիճակը վերահսկելու համար»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ քաղաքական այս նույն ուժերը համագործակցության առումով արդեն հաջողություն են գրանցել:

Նրա խոսքով` ավագանու ընտրություններում բոլոր ուժերի հիմնական խնդիրը ձայները պահելն է: Մանուկյանը կարևորեց համացանցի դերը (Facebook, Twitter, Youtube), որը ներկայում մեծ դերակատարություն ունի ընտրությունների կազմակերպման հարցում և նպաստում է տեղեկատվության արագ տարածմանը, ինչը չափազանց կարևոր է հակաիշխանական ուժերի համար:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ արտագաղթը: Նա նշեց, որ ի տարբերություն պաշտոնական տեղեկությունների, որոնց համաձայն՝ 2013թ. առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանը լքել է 25 հազ. մարդ, իրենց տեղեկություններով` այդ թիվը 50 հազ. է, ինչն էլ հենց ՀԱԿ-ին ստիպել է մասնակցել ավագանու ընտրություններին:

Մանուկյանը նաև խոսեց Ազատության հրապարակում տիրող իրավիճակի մասին և նշեց, որ հրապարակի հիմնական խնդիրն այն է, որ չկա մեսիջ, և այդ հարցն առկախված է: Նա նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «հրաժարական» բառը չի արտասանում և միայն խոսում է ինքնաբացարկի մասին, որը ինքնակամ է, իսկ հիմնական խնդիրը հենց հրաժարական տալն է:

«Հրաժարական տալը քաղաքացիական բարձր գիտակցության և բարձր մշակույթի գործ է, ինչին Սերժ Սարգսյանը չի տիրապետում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Exit mobile version