Site icon CIVILNET

Պետք է լինի հավաքական պայքար կամ ոչ մի պայքար. Ր. Հովհաննիսյան

Մարզային հանդիպումների շրջանակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, այցելեց Արագածոտնի մարզի Թալին քաղաք:

Ներկաների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին մասնակցել ապրիլի 9-ին նախատեսված «նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»՝ նշելով, որ այդ օրը բոլորը պետք է լինեն մեկ բռունցք ու մարմին:

«Այդ օրը տանը նստելու օր չէ, այդ օրը այն ջրբաժանն է, որի շուրջ պետք է հավաքվի Հայաստանի հաղթական քաղաքացին»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ապրիլի 9-ին լինելու է բոլորի քննությունը, և որ պետք է լինի հավաքական պայքար կամ ոչ մի պայքար:

«Մենք պատմությունը կերտելու ճանապարհի վրա ենք»,- ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը և պահանջեց, որ համապատասխան ուժերը շուտափույթ բացահայտեն սպանության կազմակերպիչներին:

«Երբ հարգելի հայրենակիցը, գյուղապետը օրը ցերեկով սպանվում է վախկոտ ահաբեկչի կողմից, դա արդեն ահազանգ է բոլորի համար»,- ասաց նա:

Հովհաննիսյանի մարզային հաջորդ կանգառը Արթիկն է:

Exit mobile version