Site icon CIVILNET

$100 մլն ԵԶԲ-ից` «Հյուսիս-հարավ»-ին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։

Հանդիպմանը քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրել, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև $100 մլն հատկացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքներ իրականացնելու համար:

Ներկայացնելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը՝ նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարևորելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը» պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ ԱԶԲ-ն ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային գիծ Հայաստանի կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։ Ասիական բանկը երկու տրանշներով արդեն հատկացրել է $230 մլն։

Ուշագրավ է, որ 2012թ. նոյեմբերի վերջին ԱԶԲ-ն քննարկեց, սակայն չհաստատեց Հայաստանին «Տրանշ-3»-ով $180 մլն միջոցների հատկացումը։ Գումարը պետք է ուղղվեր Թալին-Գյումրի 46 կմ հատվածի վերակառուցմանն ու ներկայիս երկու երթևեկելի գոտիների ընդլայմանը մինչև չորսի։

Բանն այն է, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով առաջացել է ճեղքվածք. կապալառուի մրցույթում տրանսպորտի և կապի նախարարությունը 2012թ. հաղթող է ճանաչել իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությանը, որը աշխատանքների համար պահանջել է $250 մլն, ինչը նախատեսված գումարը գերազանցում է $10 մլն-ով։ Կառավարությունը տարբերությունը ցանկանում է փակել «Տրանշ-3»-ի հաշվին, Ասիական բանկում այլ կարծիքի են։ Խնդիրը չի լուծվել մինչ այժմ։

Exit mobile version