Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, հստակ սահմանել է, թե բացի երկրում Բարևի հեղափոխությունը տարածելուց, այլ ինչ խնդրիներ պիտի բարձրացնի արտերկրում հայաստանյան ընտրությունները ճանաչողների հետ: «Այն մարդիկ, որ խոսում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է ժողովրդին, ուղղակի պատկերացում չունեն այն մասին, որ ապրիլի 9-ին նա իր ընտանիքի ու մերձավորների հետ եղել է շարժման առաջին գծում: Եվ հենց առաջին գծում գտնվողների նկատմամբ, գիտեք, ճնշումներ, ծեծ, բռնություններ են եղել: Ինձ ևս մեկուսացրել են ոստիկանական մեքենայում, որից ես կարողացել եմ ճողոպրել ու վերադառնալ ժողովրդի մոտ»,- ասաց Սաֆարյանը:
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում և Բաղրամյան փողոցում կային մարդիկ՝ մի որոշակի խումբ, որ չէին ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, երբևէ չէին համակրել նրան, և, ըստ Սաֆարյանի, չէին էլ պատրաստվում ընդունել նրա առաջնորդությունը: Նրանք եկել էին իրենց ծրագրով: Հենց այդպիսի մարդիկ էլ, ըստ նրա, ապրիլի 9-ը դեռ չավարտված՝ սկսեցին Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկող գրառումներ կատարել սոցիալական ցանցերում:
Այն հարցին, թե չկային համակարգողներ, Սաֆարյանը հակադարձեց, որ համակարգողներ կային, սակայն նրանց խանգարողներն ավելի շատ էին: Օրինակ, նրանցից մեկին՝ Երվանդին, իր աչքի առաջ ոստիկանությունը ձերբակալել է, երբ նա կատարելիս է եղել իր գործառույթը՝ խոչընդոտել է սադրանքներ իրականացնելուն՝ ոստիկաններին հարվածել, հրել, բախումներ հրահրելուն: «Տեսանյութերն էլ կան: Հասկանո՞ւմ եք, ոստիկանությունը ձերբակալեց ոչ թե սադրիչին, այլ՝ նրան, ով թույլ չէր տալիս, որ խփեն»,- ասաց նա:
«Այս պահին «Ժառանգության» գրասենյակում ուսումնասիրվում են այդ նյութերը մեր իրավաբանների կողմից, և հանուն հասարակության անվտանգության՝ պետք է դիմենք [իրավապահներին]»,- ասաց Սաֆարյանն՝ ամփոփելով. «զադնի չկա»: