Վարդանյանը հաղորդեց, որ ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել, որոնց մասին ահազանգում է «առանց վիրավորելու, միայն փաստերով»: Ըստ նրա՝ օրերս մանկապարտեզներից մեկում երեխաներին տուն տանելու եկած ծնողները տեսել են նախասրահում բացված սեղան՝ առատ ոգելից ըմպելիքներով, որը նախատեսված է եղել նույն մանկապարտեզում տեղակայված ՀՀԿ-ի շտաբի անդամների «նիստի» համար: ՀՅԴ-ն նաև տեղեկություններ է ստացել, որ զինծառայողներին այս օրերին տրվում է կարճ արձակուրդ, սակայն փոխարենը «թաղային հեղինակություններից մեկը պիտի երաշխավորի, որ նրա ընտանիքի անդամների քանակով ձայներ պիտի բերի»: «Պաշտպանության նախարարությունը արդեն հերքել է այդ մի լուրը, բա պիտի հերքեր, բա հո չէ՞ր հաստատի,- ասաց նա:- Նայեք, ինչ է կատարվում մեր դպրոցներում, ինչ է կատարվում խանութներում ու սուպերմարկետներում՝ մարդկանց գրանցում են, հավաքագրում են… մարզերից մարդկանց բերում-գրանցում են Երևանում: Մեր մարզպետներից մեկը, որ շատ է սիրում գլուխգովալ, ասել է, որ 30 հազար ձայն է բերելու Տարոն Մարգարյանին»:
Աղվան Վարդանյանը խոսեց նաև քաղաքի բազմաթիվ խնդիրների մասին: «Բայց չգիտես ինչու այդ հարյուրավոր խնդիրները թողած համատիրությունները զբաղվում են ընտրություններով: Այնպես են անում, որ համատիրության տարածքը և շտաբը լինեն նույն տարածքում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Երևանը արդյունավետ չի կառավարվում, և Տարոն Մարգարյանն էլ լավ քաղաքապետ չէ: «Ինչքան մենք խորանում ենք մեր քաղաքապետարանի բյուջեի ծալքերի մեջ, այնքան հավաստիանում ենք, որ այն ամենամութ բյուջեն է: Օրինակ, մի թիվ են դնում, թե 40 հազար շուն կա, այդ թիվը մնում է նույնը, նույն տենդերը շահում է նույն մարդը, վերցնում է նույն փողը, ոչինչ չի անում: Նույնը հողերի աճուրդների համար»,- նշեց նա:
Աղվան Վարդանյանը կրկնեց, որ ՀՅԴ-ն պատրաստակամ է պատասխանել ներկայացված մեղադրանքների պատասխաններին, կամ բանավիճել իշխող կողմի ներկայացուցչի հետ եթերում, թեպետ փորձը ցույց է տալիս, որ «ցավոք, միշտ խուսափում են բանավեճերից»:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի