Դերենիկ Դումանյանը նշել է, որ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային վերանայումն արդեն երկար տարիների քննարկման առակա է։ ՀՀ կառավարությունն իր հավանությանն է արժանացրել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաները մեկ միասնական կառուցվածք ստեղծելու գաղափարը և կենտրոնացված կառուցվածք ստեղծելու համար շենք է հատկացրել։ Հիմք ընդունելով սպասարկման տարածքի մեծությունը ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է մարզային նմանատիպ միասնական կառույցներ ստեղծել Շիրակի և Տավուշի մարզերում։
Կենսաանվտանգության և կենսապաշտպանության խնդիրների առթիվ Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ հատուկ վտանգավոր ախտածինների խորը ուսումնասիրությունների ուղղությամբ ծրագրվում է գիտական մակարդակի լուրջ հետազոտություններ իրականացնել, ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ և շտամների կուլտուրաների հետազոտություններ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև կենսաբանական հետազոտություններին առնչվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես նշել է, որ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրմանը վերաբերող AM-1 ծրագիրը հաջողությամբ իրականացվում է առանց ժամանակացույցից շեղումների։ Նույն կերպ ընթանում են մյուս ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները։
Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը նշել է, որ վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի նպատակն է օժանդակել և բարելավել առողջապահական և գյուղատնտեսական ոլորտները, ստեղծել մարդկանց և կենդանիների առողջական խնդիրներով զբաղվող միասնական կառույց։
Տիկին Ջորջը հայտնել է, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված շենքում ծրագրի շրջանակներում հայ գիտնականների հետ հետազոտություններ կիրականացվեն։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ նախարարությունը պատրաստ է մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններում ընդգրկվելու և վստահեցրել, որ այդ ուղղությամբ կվերապատրաստեն հայ մասնագետներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական համալսարանում լարցուցիչ կրթական ծրագրեր ներառելու, օրենսդրական դաշտը նոր պահանջներին համապատասխանեցնելու հարցերը։
«Իրականացվող ծրագիրը շատ անհրաժեշտ է մեր երկրին, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն հաջողությամբ իրականացվի։ Անվտանգության նպատակով միասնական համակարգով աշխատելը համահունչ է մեր նպատակներին։ Վստահ եմ, որ մեկ հզոր կառույց ստեղծելով շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի