Սուքիասյանը վստահ է, որ Երևանի ավագանին այսօր չի կատարում իր գործառույթը: «Միգուցե իրենց ոլորտում մեծ վաստակ ունեն էդ մարդիկ, սակայն այստեղ նրանք արդեն դարձել են խիստ կանխատեսելի ու անհետաքրքիր,- նշեց նա:- Եվ եթե մենք ձեռնոց ենք նետել, առաջադրվել, դա նշանակում է, որ մեղմ ասած, հիացած չենք քաղաքային իշխանության աշխատանքով»:
Նա հիշեցրեց, որ 2012թ-ի դեկտեմբերի 26-ին քաղաքային իշխանությունը որոշել է ներմուծել նոր տեսակի հարկ, և ամանորյա հանգստից վերադարձած մարդիկ հանկարծ հայտնաբերել են, որ նոր հարկեր պիտի վճարեն. ըստ նրա՝ պիտի համակարգվի օրենքների փոփոխության լիազորությունների շրջանակը: «Մենք ուզում ենք, որ նախևառաջ, մեր վատ աշխատանքի համար քաղաքացին հնարավորություն ունենա մեզ հեռացնել: Մենք մեր ծրագրային դրույթներում նշել ենք, որ ցանկացած պաշտոնյա իր պաշտոնի անցնելու օրը պիտի համարի նաև իր պաշտոնանկման օրը»,- նշեց նա:
Սուքիասյանի խոսքով՝ ՕԵԿ-ը գրագողությամբ սեփականացրել է իրենց մտքերն այն մասին, որ համատիրությունները վատ են աշխատում, ինչպես նաև՝ որ տաքսի ծառայությունների, երթուղային տաքսիների հետ կապված խնդիրներ կան:
Նա վստահ է, որ «Առաքելության»-ը ձայն են տալու պարզ, հասարակ մարդիկ: «Մեր պարագայում մեծ դեր խաղաց այն, որ մարդիկ տեսան, որ պլակատի վրայի մարդիկ իրենք են փակցնում իրենց պլակատները քաղաքում. այսինքն, իրենց նման պարզ, հասարակ մարդիկ են»,- նշեց նա:
Լուսանկարը՝ armradio.am-ի