Site icon CIVILNET

Կառավարությունը չի վաճառի Որոտանի հէկերի համալիրը. Ա. Մովսիսյան

Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի հէկերի համալիրը` վերջնական սպառողի համար գազի սակագնի սուբսիդավորման նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե այդ դեպքում կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու ռուսական գազի 30%-ը, նախարարն ասաց, որ այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը 2012-ի կտրվածքով կազմել է $232,4, Մովսիսյանը նշեց, որ բանակցությունները ռուսական կողմի հետ երկար շարունակվել են, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ռուսական գազը Հայաստան կառաքվի $180-ով:

Նշենք, որ մոտավոր հաշվարկներով` Հայաստան առաքվող գազի սակագնի 30%-ի սուբսիդավորման համար կպահանջվի մոտ 140 մլն դոլար:

Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ որպես գազի սակագնի սուբսիդավորման ֆինանսական աղբյուր կառավարությունը դիտարկում է ռուսական կողմին Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հնարավորությունը։

Նշվում էր, որ համալիրը թեև բարոյապես մաշված է, սակայն նրա վերազինման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցները կան։ 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51 մլն-ի վարկային պայմանագիր։ Միջոցները պետք է ուղղվեն Որոտանի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը։ Արդիականացումից հետո, ամենամոտավոր հաշվարկներով, Որոտանի համալիրն առնվազն $400 մլն կարժենա (համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ)։

Հէկերի այս համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը, որը, ի դեպ, ամենաէժանն է համակարգում։ Որոտանի հէկերի համալիրը 1 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիան իրացնում է Դ4-ով, այն դեպքում, երբ օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կազմում է Դ4,8/ԿՎտժ, իսկ ժամանակակից տեխնոլոգիայով գործով «Հրազդան-5» ջէկինը՝ Դ21,65/ԿՎտժ։

Exit mobile version