Site icon CIVILNET

Նոր մանրամասներ կուրսանտի սպանությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին:

ՀՔԱՎ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:

2013թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:

Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսզանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին: Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:

Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին և խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման և արյան կորստի հետևանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:

Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի և երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում»:

Exit mobile version