Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին հետևողականորեն ոչնչացվել են Հին Երևանը հիշեցնող, խորհրդային ճարտարապետության գեղեցիկ հուշարձանները: «Ծածկած շուկան արդեն չկա, Օպերան շրջափակված է սրճարաններով, այլ բազմաթիվ շենքեր քանդվեցին, իսկ Հրապարակը վերջին մոհիկանն է Հին Երևանի ժառանգությունից»,- նշեց նա: Ճարտարապետի խոսքով՝ մրցույթը լիովին բաց չէ, այլ «էլիտար շրջանակի համար է»: «Իրեն հարգող ճարտարապետը չի կարող յոթ էջանոց նման փաստաթղթի հավանություն տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ մրցույթի մասին հայտարարությունն ընդունվել է հապճեպ:
Նրա դիտարկմամբ՝ պետք է նվազագույնը հինգ տարով արգելել Փոքր Կենտրոնի կառուցապատումը, որպեսզի հնարավորություն ստեղծվի «Կենտրոնից տաս րոպե հեռավորության վրա գտնվող» ծայրամասերի զարգացման համար: Սակայն, Պետրոսյանի դիտակմամբ, մի քանի մարդ մեծ ամբիցիաներ ունեն իրենց անունը Կենտրոնի շենքերի վրա տեսնել, և բախվել են անձերի ամբիցիաներն ու քաղաքաշինության սկզբունքները:
Օրեցօր ավելացող օձերի՝ բնակարան մտնելու մասին ահազանգերը ևս, նրա խոսքով, քաղաքաշինական սխալ լուծումների արդյունք են: «Եթե մենք Հրազդանի ձորում այսպիսի աղմուկ ենք լցրել, Ավանի հանքը կտրելով գալիս ենք, Աջափնյակի աղբակույտերը մեծանում են, բա էդ օձերը ի՞նչ պիտի անեն, պիտի քաղաք մտնեն,- ասաց նա:- Կա նաև ագռավների խնդիրը, որ աղբի շատանալու հետ է կապված: Բայց բոլոր այդ խնդիրները հայտնի լուծումներ ունեն: Հեծանիվ պետք չէ հնարել»:
Սարհատ Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետպաշտոնյաները զբաղված են միայն հող ծախելով, այլ ոչ թե՝ իրական խնդիրներով: Բոլոր ջանքերը՝ ուղղված տրանսպորտի շարժի դյուրացմանը, ըստ նրա, շուտով բերելու են հակառակ արդյունքին, քանի որ ավելի են շատանալու մեքենաները, և նորակառույց փողոցները ևս չեն հասցնելու սպասարկել դրանց. «Դրանք դասագրքային ճշմարտություններ են, բացեք կարդացեք»,- ամփոփեց նա: