Site icon CIVILNET

«Թեղուտ» ՓԲԸ-ում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «բնապահպանների երկարատև պայքարի և ՄԻՊմիջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013թ. 4-րդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ»: Այս մասին ՄԻՊ աշխատակազմը պատասխան գրություն է ստացել բնապահպանության նախարարությունից:

«Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողական լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:

Դեռևս 2013թ. մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան»,- ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Exit mobile version