Site icon CIVILNET

Հայաստանը կրճատել է սովյալների բացարձակ թիվը. FAO

Հայաստանը մեկն է աշխարհի այն 18 երկրներից, որ իրականացրել է Հազարամյակի զարգացման և Համաշխարհային պարենային գագաթաժողովի կոշտ նպատակներից մեկը` 1990-1992 թթ. մինչև 2010-2012 թթ. ընկած ժամանակահատվածում կրճատելով սովյալների բացարձակ թիվը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածած հաղորդագրության համաձայն` Համաշխարհային պարենային գագաթաժողովի այս կոշտ նպատակը կյանքի են կոչել նաև Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը:

«Այս երկրների օրինակը ցույց է տալիս, որ քաղաքական կամքի, համակարգման և համագործակցության առկայության դեպքում սովի մակարդակի արագ և երկարաժամկետ կրճատման խնդիրը լիովին հաղթահարելի է»,- ասել է FAO-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:

Միաժամանակ` նա կոչ է արել երկրներին բաց չթողնել պահը և հասնել սովի ամբողջական վերացմանը, ինչը պահանջում է «Զրոյական սովի» հայեցակարգը, որը 2012թ. առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, սովի դեմ պայքարում 38 երկիր ժամանակից շուտ է հասել իր առջև դրված նպատակներին:

Համաձայն «Համաշխարհային պարենային անվտանգության իրավիճակի մասին» զեկույցի` 2012թ. սովյալների գերակշիռ մասը, այն է` 852 մլն մարդ, բնակվում է զարգացող երկրներում, ինչը կազմում է այդ երկրների բնակչության 15%-ը, մինչդեռ զարգացած երկրներում թերսնվում է 16 մլն մարդ:

Exit mobile version