Site icon CIVILNET

Համընդհանուր իրավունքների մրցանակներ` ՀՀ-ում միջազգային կառույցներից

ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը հանձնեցին պարգևներ, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերի, հաղորդում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

2012թ-ից համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին հանձնել է ազատության պաշտպանի մրցանակը:

«Լևոնը արտասովոր քաջություն և անձնական նվիրվածություն է ցուցաբերել` պաշտպանելով լայն շրջանակի իրավունքներ և տրամադրելով խոսքի ազատության իրացման բաց հարթակ յուրաքանչյուրին` անկախ քաղաքական, ազգային, սոցիալական կամ կրոնական համոզմունքներից»,- ասել է Օլեքսանդր Պավլյուկը

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը Իրավունքի Եվրոպա Միավորմանը հանձնել է քաղաքացիական ակտիվիզմ մրցանակը:

«Այս տարվա քաղաքացիական ակտիվության մրցանակի հաղթողները՝ Իրավունքի Եվրոպա Միավորումը, ցույց է տվել, որ մեր քվեարկելու իրավունքը պաշտպանելու կարևոր գործիքներից մեկը հենց իրավական համակարգն է: Այն պահանջում է արհեստավարժ ու քրտնաջան աշխատանք՝ օրենքի առաջնակարգ իմացությամբ, և երիտասարդ իրավաբանների այս խումբը ցույց է տվել, որ նրանք ունեն վճռականություն փոփոխություն անելու»,- նշել է իր խոսքում դեսպանը:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան ՍիվիլՆեթին է հանձնել մեդիա գերազանցության մրցանակը:

«Սիվիլիթասը փոխեց և բարելավեց Հայաստանի մեդիա հարթակը: Տրամադրելով բովանդակալից նորություններ, օգտագործելով սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները և մոբիլիզացնելով երիտասարդ տեղական, ինչպես նաև սփյուռքի լրագրողներին՝ Սիվիլնեթը բարձր չափանիշ սահմանեց Հայաստանի լրատվամիջոցների համար»,- ասել է Հոֆսթրան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին է հանձնել խիզախ կին մրցանակը: «Նաիրան ցուցաբերել է հսկայական քաջություն` նպաստելով իր համայնքի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացմանը: Նա իսկապես ոգեշնչման աղբյուր է, և ես հպարտ եմ պարգևատրելու մեկին, ով մարմնավորում է այն պարտավորությունների ոգին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն»,-ասել է դեսպան Սորոկինը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին է հանձնել տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգևը: «Համայնքները Հայաստանի հասարակության կարևոր օղակն են և դրական տեղաշարժերի օջախ դառնալու ներուժ ունեն: Վարոսյանն իր գործունեությամբ թափանցիկ ու ներառական տեղական ինքնակառավարումը խթանող առաջնորդի վառ օրինակ է»,- ասել է դեսպան Հրիսթեան:

Exit mobile version