Site icon CIVILNET

Սա երաշխավորված գործազրկության խնդիր է. Ա.Բլեյան

Վերացրեք միասնական քննությունները, թող ամեն բուհ որոշի իր ուսանողին, վերացրեք էս հավատարմագրման ինստիտուտը, թող գործատուն ինքը որոշի՝ նա կարող է իր մոտ աշխատել, թե ոչ. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Բուհ ընդունվել-չընդունվելու հարցը երաշխավորված գործազրկության խնդիրն է, քանի որ ինքը աշխատանք չի ստանում, այլ՝ միայն դիպլոմ: Սա լուրջ հասարակական հարցադրում է: Մեր բուհական կրթությունը չի տալիս նաև մասնագիտական կրթություն: Մանկավարժական համալսարանն օրերս տվեց մոտ 3 հազար շրջանավարտ. եզակի երիտասարդներ միայն ունեն պայմանագիր կամ պատկերացնում են, թե ուր կարող են աշխատել»,- նշեց Բլեյանը:

Նա առաջարկեց թողնել այսօր գործող առաջնահերթությունները և սկսել կրթության հիմքում դնել երեխայի կյանքը, տաղանդը, հետաքրքրությունները, և վերջապես, կողք դնելով ավանդույթները, երեխայի կրթությանը նայել ապագա աշխատանքի տեսանկյունից:

Բլեյանը նշեց, որ այսօր բուհ ընդունվողների 90 տոկոսն ընդունվում է վճարովի, այսինքն՝ 21 հազար հնարավոր ուսանողից միայն մոտ 2 հազարն է, որ տարկետման իրավունք կստանա, իսկ մնացած 19 հազարը և՛ կվճարեն, և՛ չեն ունենա տարկետման իրավունք: «Բուհերի մեծ մասը կունենա թափուր տեղեր, այսօրվա տվյալներով՝ կընդունվի 12 հազարը: Այսինքն՝ կընդունվի նա, ով վճարում է: Այս միասնական կոչվող քննական համակարգը (իրականում դա միասնական չի, քանի որ տարածվում է միայն 4 առարկայի վրա, իսկ մյուսները ներբուհական քննություններ են) ճիշտ չէ»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ պետք է ոչ թե ֆինանսավորվի բուհը, կառույցը, այլ՝ մարդը, ուսանողը: «Եկեք տանք պայմաններ, վերացնենք արգելքները սովորողի և սովորեցնողի ճանապարհից, եկեք հավասարություն հաստատենք՝ վերացնելով տարկետման իրավունքը: Եկեք բացենք բուհերը՝ ինչի՞ են փակ կոնսերվատորիան կամ գեղարվեստի ակադեմիան: Ինչո՞ւ չեն դրվում բաց համերգներ ու ցուցահանդեսներ, որ մենք էլ իմանայինք դրանց մասին ու գնայինք, մասնակցեինք: Ինչո՞ւ են այսպես ուշացնում քննությունների արդյունքները, երբ ամեն ինչ թվայնացված է: Թերևս, մեզ պակասում է համարձակությունը»,- նշեց նա:

Բլեյանն առաջարկեց վարել ռեեստր՝ հրապարակավ ներկայացնելով, թե որ բուհերի որ ֆակուլտետների շրջանավարտներն են գործազուրկ՝ այսինքն, նրանց չի վստահում գործատուն. այս դեպքում, թերևս, կփակվեն ոչ արդյունավետ աշխատող բուհերը, կբացվեն նորերը:

Աշոտ Բլեյանը քննադատեց նաև ամբողջ ամառ երեխա-դպրոց կապի ընդհատումը: «Ինտերնետը պիտի բերեր նաև մոբիլ կրթության համակարգի, սակայն դա այդպես չեղավ: Ամառը ուսուցման գործողության ամենալավ շրջանն է՝ չընթերցված գրքեր, ճամփորդություններ, և դա կարող էր մոբիլ համակարգվել: Երեխան ամռանը լողում է թե ոչ, ճամբարներ կան թե ոչ, բակում ծառերը չորացան թե ոչ, երեխան իրեն պատասխանատու զգում է թե ոչ: Վերջապես, փակենք այդ մեռած, անգիրի դպրոցը, երեխայի մեջ զարգացնենք ստեղծականությունը»,- նշեց նա:

Exit mobile version