Site icon CIVILNET

Սահմանադրությանը զուգահեռ մարդիկ

Ցանկացած նախարար կարող է մտքովն անցած ղալաթն անել։ Սերժ Սարգսյանը կմաքրի նրա մեղքը, ինդուլգենցիա կշնորհի։ Հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ ամենը կոչվում կառավարում, ինչո՞ւ է գրվել Սահմանադրությունը, ինչո՞ւ են արված ղալաթներն արձանագրելու համար պահում Վերահսկիչ պալատի նման կառույց, և ինչո՞ւ են այդ ղալաթների համար սահմանվել քրեական հոդվածներ։ Եվ վերջապես, ինչո՞ւ էր ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը միայնակ դուրս գալիս մարդամեջ և վստահեցնում, որ անպատիժ մարդիկ չեն լինելու Հայաստանի Հանրապետությունում։

Եվ վերջին հարցը՝ ո՞ւմ մտքով է անցել ղալաթների այս շտեմարանն անվանել Հայաստանի Հանրապետություն։ Միգուցե օրինագի՞ծ մտցնեք Ազգային ժողով և մտածեք Սահմանադրությունը վերաձևելու մասին։ Մեծամասնություն կա այնտեղ, ոչ մի խնդիր չի լինի։ Ասենք` պահպանում եք «Սահմանադրություն» բառը, որպեսզի ոչ ոք չմտածի, որ ստեղծում ենք նոր Ջամահիրիա՝ Մուամար Կադաֆիի օրինակով, բայց այ երկիրն անվանում եք Ղալաթների շտեմարան։ Եվ արեք ձեր մտքով անցածը։ Ղալաթը հենց նրանով է ղալաթ, որ Իշխան Զաքարյանը չի գա ու ասի՝ տղերք, անպատիժ լափել եք, միգուցե մի մասը հե՞տ վերադարձնեիք։

Հայաստանը վտանգավոր ժամանակներ է ապրում։ Սերժ Սարգսյանի օրոք կատարված հանցագործություններից պլստացել են Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը, Տիգրան Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը։ Բոլորը, ովքեր պատասխան են տվել՝ Թամամյան, Մարգար Օհանյան, Վազգեն Խաչիկյան, մարդիկ են, որոնք ոչնչով կապված չեն եղել գործող նախագահի հետ։ Բացի դրանից` նրանք պատասխան են տվել թոզ փչոցիի շրջանակներում, նրանք պատասխան են տվել, որպեսզի պատասխան չտան նույն Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Սարգսյանը, Սուրիկ Խաչատրյանը և այլք։

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մտել միջնադարյան կաթոլիկ իշխանության գործառույթների բաղերը։ Մտել է, որովհետև հասկացել է, որ որպես Սահմանադրության ներկայացուցիչ, ինքը խոցելի վիճակում է, Սահմանադրությունն իրեն անպատժելիություն չի երաշխավորում և ոչ մեկին չի երաշխավորում։ Իսկ ինդուլգենցիան հակասահմանադրական է։

Ինդուլգենցիա շնորհում են մարդիկ, որոնք վերընտրվելու խնդիր չունեն կամ ցմահ են։ Հետևաբար` երկու դեպքում էլ Սահմանադրությունը հաջորդում է նրանց, ոչ թե ընկած է նրանց իշխանության հիմքում։ Ահա թե ինչու ենք վտանգավոր ժամանակներ ապրում։ Ամբողջ Հայաստանն ուզում է իմանալ, թե օֆշորային սկանդալի մասին ինչ է մտածում երկրի փաստացի ղեկավարը, իսկ ինքը, Տիգրան Սարգսյանին թևի տակ առած, հարձակվում է Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների դեմ խոսողների մասին։ Եվ ասում վտանգավոր բաներ՝ առաջինը մենք ենք խոսել այս կամ այն թերության մասին։ «Մենք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը»,– խոստանում է նա հունիսի 29-ին։ Այսինքն` էլ ընդդիմությունն ի՞նչ ենք անում։ Ըստ այդմ՝ մի երկրում, որտեղ ընդդիմություն չկա կամ կարիք չկա, որ լինի, ինչո՞ւ պետք է ինդուլգենցիաներ չլինեն։

Եվ ուրեմն` ո՞րն է իշխանության խնդիրը այսուհետ։ Իշխանության յուրաքանչյուր անդամ այսուհետ պետք է մտածի բարեհաճության մասին՝ ինչպե՞ս անի հանցագործությունը, որպեսզի ինդուլգենցիայից դուրս չմնա։ Ինչպես կողոպտի բյուջեն, որպեսզի քաշվողը լինի Իշխան Զաքարյանը, այսինքն՝ բացահայտողը։ Դրա համար կա մեկ ճանապարհ։ Բոլորը պետք է ապահովեն իրենց հանդեպ Սերժ Սարգսյանի ողորմածությունը, մարդն այլևս խնդիր չունի, հետևաբար բոլորը նրա թրի տակ են, ոչ ոք չպետք է մտածի բյուջեի կատարողականի մասին, կա միայն մեկ անձի «կատարողականը»։ Պետք է ասել, որ Սահմանադրություն ունեցող երկրի համար, որի ընդունման տոնը նշվում է ընդամենը մեկ օր հետո, տարօրինակ մարդիկ են հայտնվել մեր պետական կառավարման համակարգում։ Նրանք զուգահեռ են Սահմանադրությանը։ Հարցն այն է, թե ինչու չպետք է այս մարդիկ անպատիժ գործեն։ Ո՞վ է բռնելու այս մարդկանց ձեռքը, ովքե՞ր են սրանք քրիստոնեական երկրում, որի ոչ հեռավոր հարևանությամբ իշխանություններ են գնում ու գալիս ժողովրդի ճնշմամբ և ընտրություններով։

Exit mobile version