Site icon CIVILNET

Ասոցացման համաձայնագիրն ակնկալում ենք նախաստորագրել նոյեմբերի 29-ին. Ք. Էշթոն և Շ. Ֆյուլե

Բրյուսելում Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հաղորդում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք ուրախ ենք հաստատելու Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բովանդակային բանակցությունների ավարտը՝ ներառելով է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) հաստատումը, ինչի վերաբերյալ բանակցող կողմերը համաձայնության են եկել Երևանում:

Սա չափազանց դրական զարգացում է, և մենք ակնկալում ենք նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում և այնուհետև ստորագրել համաձայնագիրը տեխնիկական ընթացակարգերն ավարտելուց հետո:

2010 թ. մեկնարկած այս բանակցությունների ավարտը նշանակալի ձեռքբերում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին ու Հայաստանին միասին առաջ ընթանալ համապարփակ արդիականացման և բարեփոխման ծրագրով` հիմնված համատեղ արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրը անմիջական դրական ազդեցություն կունենա Հայաստանի ամենօրյա կյանքի վրա և նրա բոլոր քաղաքացիներին կմոտեցնի ԵՄ-ին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բանակցող կողմերին` այս հիանալի արդյունքին հասնելու համար»:

Exit mobile version