Site icon CIVILNET

Ա.Գևորգյանը ծանոթացել է Գեղարքունիքում ընթացող և ավարտված շինաշխատանքներին

Աշխատանքային այցով այսօր` օգոստոսի 20-ին, Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:

Փոխվարչապետը ծանոթացել է համայնքներում իրականացված մի շարք աշխատանքների: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով Վարդաձորում ավարտվել է նաև մշակույթի տան հիմնանորոգումը, իսկ Լիճքում նույն ծրագրի շրջանակում գազիֆիկացվել է թաղամասերից մեկը: Գյուղն արդեն ամբողջությամբ ապահովված է երկնագույն վառելիքով: Լիճքում բնակիչների առաջարկով Ա. Գևորգյանն այցելել է համայնքի կիսավարտ մշակույթի տուն, ծանոթացել պայմաններին և կատարված աշխատանքների ծավալներին: Մանկապարտեզը ևս նախատեսվում է տեղակայել շենքում, սակայն այն ավարտին հասցնելու համար համայնքը բավարար միջոցներ չունի: Փոխվարչապետը խոստացել է հարցը բարձրացնել կառավարությունում:

Ա. Գևորգյանն այցելել է նաև Չկալովկա համայնք, որտեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այդ նպատակով շուրջ 25 մլն դրամ էր հատկացվել առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ և չորրորդ ծրագրերով: Փոխվարչապետը շրջայց է կատարել նորոգված շենքում, որը նաև կահավորվել է անհրաժեշտ գույքով:

Այցի շրջանակում Ա. Գևորգյանը եղել է նաև Սևան և Գավառ քաղաքներում: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված 53,2 մլն դրամով Սևանում ավարտվել է բազմաբնակարան չորս շենքերի տանիքների նորոգումը, նույն ծրագրով 16,8 մլն դրամ էր հատկացվել քաղաքային այգու վերակառուցման համար: Պատասխանատուները զեկուցել են, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, սակայն այգու ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ միջոցներ, և այդ նպատակով քաղաքային իշխանությունները նախատեսում են գրեթե նույնքան գումար հատկացնել համայնքային բյուջեից, ինչպես նաև քննարկվում է բարեգործական կազմակերպություններից միջոցներ ներգավվելու հնարավորությունը: Այգում նախատեսվում է կառուցել մարզադաշտ, որը ձմռանը կարող է ծառայել որպես սահադաշտ, կլինեն նաև խաղահրապարակներ:

Գավառ քաղաքում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 50 մլն դրամ է հատկացվել կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, ինչպես նաև այցելել է քաղաքի մանկատան զբոսայգի, որը բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում:

Համայնքներում Ա. Գևորգյանը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես, խմելու և ոռոգման ջրագծերի, ճանապարհների վերանորոգմանը: Բնակիչներին հետաքրքրում էին նաև կենսաթոշակայիին ապահովության, ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ազատամարտիկների համար սոցիալական աջակցության ընդլայնման հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ փոխվարչապետը պարզաբանումներ ներկայացրեց:

Մարզպետարանում Ա. Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների, մասնավորապես, Սևան համայնքի աշխատավարձի ընթացիկ պարտքի մարմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող և այլ հարցեր:

Exit mobile version