ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը «Կոմերսանտին» ասել է, որ Մաքսային միությունը գործում է 2010-ից, և ներկայում նրա կազմում ընդամենը երեք երկիր են՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ու միությունն աստիճանաբար սկսում է իրականացնել գործառույթներ, որոնք սկզբնապես սահմանված են եղել ԱՊՀ-ի համար: Նրա կարծիքով՝ Մաքսային միության դիրքերի ամրապնդումը առիթ չի տալիս խոսելու, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը:
«Տնտեսական ինտեգրացիոն նախաձեռնությունները առավել նեղ կամզակերպություններին են անցել, ինչպիսին օրինակ ԵվրԱզԷս-ն է: Ներկայում նրանից էստաֆետը վերցրել է Մաքսային միությունը, որը հետագայում կարող է դառնալ Եվրասիական միություն: Հազիվ թե կարելի է ասել, որ ԱՊՀ բոլոր երկրները կմիանան Մաքսային միությանը: Մի շարք երկրներ իրենք չեն ցանկանում միանալ Մաքսային միությանը, ինչպես օրինակ՝ Ուկրաինան, մի շարք երկրներ, ըստ Մաքսային միության անդամ երկրների, դեռ բավարար պատրաստ չեն միանալուն, ինչպես օրինակ՝ Տաջիկստանն ու Ղրղըզստանը», – ասել է ժարիխինը:
«Իզվեստիա» պարբերականը հիշեցնում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախկինում արած հայտարարությունները, որ «Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը աշխարհագրորեն անհնար է և անիմաստ, ինչպես նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում և ՀԱՊԿ-ի մասով համագործակցությունը պետք է համադրել դեպի Եվրոպական Միություն տնտեսական և քաղաքական կողմնորոշման հետ: «Կարելի է ենթադրել, որ որքան մոտենում էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագումը, հայկական իսթեբլիշմենթի համար առավել պարզ էր դառնում, որ «եվրոպական հեռանկարը» երկրից զիջումներ է պահանջում, որոնք անհամատեղելի են իր քաղաքական գոյության հետ», – թերթին ասել է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: