«Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնում ենք, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի` առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազ. դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման 177+000-կմ 217+000կմ առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:
Ի լրումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, պատգամավորի կողմից օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պատգամավորը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ինչպես նաև պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, այդ թվում` հարգել oրենքը և ենթարկվել oրենքին, չoգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին»,- ասված է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տարածած հայտարարությունում: