Site icon CIVILNET

Բացվել է Armenia EXPO-2013-ը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Երևան-էքսպո» ցուցասրահում մասնակցել է Armenia EXPO-2013 տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Այս տարածաշրջանային ցուցահանդեսն արդեն ձևավորել է գեղեցիկ ավանդույթներ: Մենք այն դիտարկում ենք որպես մի հարթակ, որը մեր երկրին հնարավորություն է տալու բացահայտել տնտեսական աճի նոր ուղիներ, քանի որ այստեղ ներկայացվում են ընկերություններ, որոնք ունեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որոնում են նոր ներդրողների, կարողանում են կապեր հաստատել այլ երկրների ձեռնարկությունների հետ: Այս հարթակն է, որ պետք է հաղորդի նոր էներգիա և լիցք՝ մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծրագրերին:

Armenia EXPO-2013-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այն հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից բոլոր ընկերությունների մասին, գտնել շահավետ գործընկերներ և օտարերկրյա ներդրողներ: Արդեն 13 տարի շարունակ անցկացվող ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից և Լեհաստանից:

Armenia EXPO-2013-ը կտևի մինչ սեպտեմբերի 15-ը:

Exit mobile version