Site icon CIVILNET

ԵՄ-ն կարող է օգնել Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմներում»․ Ֆյուլե

ԵՄ-ն կարող է Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, փոխհատուցել Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմների» կորուստները, հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Կոմերսանտ-Ուկրաինային» տված հարցազրույցում։

«Եթե մեր գործընկերները դառնում են որևէ կողմի չարդարացված ճնշման օբյեկտ, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի ճնշումը, և եթե դա կապված է նրանց՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու կամ նախաստորագրելու ձգտման հետ, Եվրամիությունը պետք է գտնի նրանց կորուստները փոխհատուցելու հնարավորություն»,- ասել է Ֆյուլեն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն նախաձեռնել է մոլդովական գինիների ներկրման քվոտաների ավելացման գործընթաց, որպեսզի փոխհատուցի ռուսական շուկայի փակման կորուստները։

Ընդ որում՝ Ֆյուլեի խոսքով՝ Բրյուսելը ներկայում չի ծրագրում համանման միջոցառումներ ձեռնարկել ուկրաինական արտադրանքի նկատմամբ, քանի որ իրավիճակը ռուսական մաքսատանը կարգավորվել է։ Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն կարող է սկսել կիրառել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի (որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում) դրույթների զգալի մասը նախքան փաստաթղթի վավերացման գործընթացի ավարտը։

Ուկրաինան եվրաինտեգրման ռազմավարական ուղեգիծ է որդեգրել և պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի մասն է ազատ առևտրի գոտու մասին դրույթը։ Միաժամանակ Ուկրաինային հրավիրում են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միություն և արդեն տրամադրել են դիտորդի կարգավիճակ։ Սակայն Կիևը հայտարարում է, որ պատրաստ չէ Մաքսային միությանը լիարժեք անդամակացությանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի ստորագրումից հետո ստիպված կլինի իր շուկան պաշտպանել ուկրաինական սահմանով եվրոպական ապրանքների հնարավոր ներթափանցումից։

Exit mobile version