Ըստ ԿԲ-ի հաղորդագրության՝ խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: «Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում:
ԿԲ-ն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները, և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
«Ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրա, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով՝ կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ էության ԿԲ-ն, անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջնորդվել է ոչ թե բարձր գնաճով, այլ տնտեսական աճի տեմպի դանդաղումով և չի գնացել դրամավարկային քաղաքականության կոշտացման այն դեպքում, երբ Հայաստանում տնտեսական աճի համար պատասխանատու է կառավարությունը, իսկ գների կայուն մակարդակի ապահովման համար՝ ԿԲ-ն: