Site icon CIVILNET

Մարսելում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը Մարսելում կատարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։
«Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։ Արևելքի և Արևմուտքի միջև արտոնյալ առևտուր իրականցնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,- ասել է նախարար Նալբանդյանը։
«Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ և մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։
Այսօր, Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ իրենց Հայրենիքի հետ կապվածության մասին։
Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Մարսելի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին՝ մարսելահայերին շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար»:
Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։
Մարսելի քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայերը զգալի ներդրում ունեն իր ղեկավարած քաղաքի զարգացման և բարգավաճման գործում, նաև յուրատեսակ կամուրջ են հանդիսանում Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Մարսելը Երևանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և մի շարք այլ կարևոր ուղղություններով։ Ժան-Կլոդ Գոդենը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը էլ ավելի կխթանի հայ-ֆրանսիական բարեկամական փոխհարաբերությունների խորացումը։
Հյուպատոսության բացման արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։

Exit mobile version